Դերասանուհի և դիմահարդար Նաիրա Մովսիսյանը խորհուրդ է տալիս այս շոգ օրերին հնարավորինս քիչ շպարվել, թողնել, որ դեմքը շնչի և օգտագործել միայն բնական մթերքներ: ShowBiz.am-ին Նաիրան պատմել է դեմքը ճիշտ ու գրագետ խնամելու, աչքերի առջև գոյացող փոսիկները վերացնելու տարբերակի, ինչպես նաև իր՝ ամառային հանգստի մասին:
Չնայած նրան, որ հանգստի հիմնականում մեկնում է ոչ մենակ, այնուամենայնիվ, երբեմն-երբեմն, ինչպես բոլորը, Նաիրան նույնպես կարիք է ունենում միայնակ մնալու ու մտքերը դասավորելու. «Բոլորի մոտ էլ լինում են պահեր, երբ ուզում են ամեն ինչից կտրվել, անջատվել ու վայելել միայնությունը: Այժմ իմ կանքի այն ընթացքն է, որ ընդհանրապես չեմ մտածում մենակ մնալու մասին. հակառակը՝ ինչքան լավ ու դրական մարդկանցով շժրջապատված լինեմ, այնքան լավ, իսկ հանգստի տարբերակներից միշտ ու ամենուր նախընտրում եմ ակտիվ հանգիստը, որտեղ կլինի ծով, ջուր, արև, աշխուժություն: Ամենայն հավանականությամբ, աշնանը կամ ձմռանը մայրիկիս ու դստերս հետ կգնանք հանգստի»:
Խոսելով 3 տարեկան Մարիայի մասին՝ մայրիկը հիացմունքով ու մեծ ոգևորությամբ ասաց, որ չափազանց խելացի, աշխույժ, բայց միևնույն ժամանակ դաստիարակված երեխա է. Մարիայի հետ տեղ գնալը միայն հաճույք է, ինչպես մայրիկն է ասում. «Աղջիկս շատ հավասարակշռված է և գիտի՝ իրեն որտեղ ինչպես պահի. նա ավելի շատ մայրիկիս է նման, քան ինձ»,-ժպիտով և ուրախությամբ նշեց նա:
Այս շոգ օրերին դեմքի խնամքի հետ կապված դիմահարդարի խորհուրդը հետևյալն է. «Որպես դիմահարդար՝ պետք է խորհուրդ տայի, որ շպարվեին աղջիկները, բայց ոչ: Եկեք ավելի քիչ դիմահարդարվենք այս շոգ օրերին. տանից դուրս գալուց առաջ խնամենք մեր դեմքը սառույցով կամ փափկացնող արևապաշտպան քսուկներով: Ինչպես նաև խորհուրդ եմ տալիս այս բերքառատ շրջանում շատ միրգ ու բանջարեղեն և՛ ուտել, և՛ քսել դեմքին»,-ասում է նա և հավելում, որ ինքն էլ անձամբ առօրյայում չի սիրում դիմահարդարվել»:
Նաիրան նաև աչքերի տակ գոյացող փոսիկների և կապտուկների համար մի հետաքրքիր բան առաջարկեց. «Եփում ենք հնդկաձավարն այնքան, որ չափից շատ փափկի և դառնա ջրային զանգված, լցնում այն սառույցի համար նախատեսված տարաների մեջ, և ամեն առավոտ մեկ կտորը քսում մեր աչքերի շուրջը. այս մասին շատ մասնագետներ են ասել»:
Նյութը՝ Կիմա Միրզոյանի