«Ես հրավիրեցի Տիգրանին, նա էլ մեծ հաճույքով ընդունեց առաջարկը»,- պատմում է «Nur Art Gallery»-ի տնօրեն՝ դիզայներ, քանդակագործ և նկարիչ Արման Նուռը։
Երեկ՝ օգոստոսի 22-ին, կայացավ «Երեք հայելի» ցուցադրության հանդիսավոր բացումը, ուր ներկայացված են նյույորքաբնակ հայտնի հայ արվեստագետ Տիգրան Ձիթողցյանի աշխատանքները: «Երեք հայելի» խորագրով անհատական ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել ու ներկայացվելու են երեք նոր արվեստանմուշ՝ հայտնի «Հայելի» շարքից։
Տիգրան Ձիթողցյանը Նյու Յորքում հաստատված հայ նկարիչ է: Տիգրանի ներկայիս աշխատանքների գաղափարախոսությունն այն է, որ աշխարհը, որտեղ մենք բնակվում ենք, ապրում է «տեխնոլոգիական վերածնունդ»: Իր նկարների միջոցով նա փորձում է անմահացնել ինֆորմացիայի կայուն հոսքի առկայությունը, որը մենք ստանում ենք համացանցից, հեռուստատեսությամբ և սոցցանցերից, ինչն էլ դիտողին ստիպում է մի պահ կանգ առնել և գիտակցել հին աշխարհի տեխնիկաների և նոր աշխարհի գաղափարների համադրությունը:
«Մենք՝ Տիգրանի հետ կոլեգաներ ենք, մտերիմ ընկերներ և հարգում ենք միմյանց աշխատանքները։ Դրա համար էլ ես հրավիրեցի Տիգրանին, Տիգրանն էլ հաճույքով ընդունեց հրավերս։ Եթե նկատել եք, Տիգրանի աշխատանքները շատ ժամանակատար են։ Եվ սրանք այն աշխատանքներն են, որոնք նա արել է Հայաստանում եղած ժամանակ։ Նկարները ստեղծելու համար նա մոտավորապես երկուսուկես ամիս ժամանակ է ունեցել։ Նկարները դեռ թաց են, քանի որ երեկ նոր արել է վերջին շտրիխները»,- նշեց Արման Նուռը։ Տիգրան Ձիթողցյանը ևս մեկ շաբաթ կմնա Հայաստանում, որից հետո կվերադառնա Նյու Յորք։
Նկարիչը համաշխարհային տարբեր քննադատների և հրատարակչությունների կողմից որակավորվել է որպես «բացարձակապես ցնցող», «տեսիլքային» և «աներևակայելիորեն ռեալիստական», Տիգրանի ստեղծագործական ուղին արագորեն վերածվում է ժամանակակից արվեստի ցնծության:
Տիգրանը ծնվել է Երևանում և դեռ վաղ մանկուց սկսել է ջրաներկով նկարել։ 10 տարեկանում եղել է նրա առաջին անհատական ցուցադրությունը՝ ներկայացնելով 100-ից ավելի նկարներ աշխարհի տարբեր երկրներում։ Այժմ նկարելով յուղաներկով՝ նա իր յուրօրինակ ոճն է համարում դասական տեխնիկայի և ժամանակաից լուծումների համադրությունը, որը հաճախ համեմատվում է հիպերռեալիզմի հետ։
Օգոստոսի 22-ից սկսված ցուցադրությունը հանրության համար կգործի մինչև օգոստոսի 29-ը։
Հեղինակ՝ Լուս Ավագյան