Մազաթափությունը բավական տարածված ու տհաճ խնդիր է, որը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ կյանքի որակի վրա։ Այն առավել հաճախ հանդիպում է հասուն տարիքի տղամարդկանց շրջանում, սակայն կանանց մոտ այս խնդրի զարգացումը ևս չի բացառվում։ Սա բավական տհաճ երևույթ է, որը կարող է դառնալ լուրջ բարդույթների զարգացման պատճառ, ուստի զարմանալի չէ, որ մարդիկ փորձում են օր առաջ ազատվել դրանից ու վերականգնել վարսերի փարթամությունն ու առողջ տեսքը։
Մազաթափությունից ազատվելու համար հարկավոր է առաջին հերթին պարզել դրա պատճառն ու ազատվել դրանից, այլապես գործադրած բոլոր ջանքերն անարդյունավետ կլինեն, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մազաթափության հիմնական պատճառները, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:
Սխալ հիգիենա
Գլուխը կանոնավոր չլվանալու դեպքում գլխամաշկը յուղոտվում է, իսկ յուղոտ մաշկն իր վրա է պահում կեղտը, քրտինքն ու թեփը: Սա հանգեցնում է մաշկի ծակոտիների խցանման, ինչն էլ խոչընդոտում է նոր առողջ մազերի աճին: Արդյունքում մազաթափությունը միայն էլ ավելի է խթանվում, իսկ կորցրած մազերի փոխարեն նոր առողջ մազեր չեն աճում:
Սխալ հարդարում
Շատ կանայք սիրում են օգտագործել տարատեսակ մազակալներ ու մազերի հարդարման համար նախատեսված այլ իրեր, սակայն դրանք ևս կարող են բացասաբար անդրադառնալ մազերի փարթամության վրա՝ նպաստելով մազաթափությանը: Բացի այդ, ձիգ հավաքված վարսերն ու հյուսքերը ճնշում են գործադրում գլխամաշկի վրա՝ վնասելով մազարմատները, ինչը նույնպես հանգեցնում է մազերի կորստի:
Բարձր ջերմաստիճանների ազդեցություն
Հարդարման համար նախատեսված տարատեսակ սարքերի, այդ թվում նաև վարսահարդարիչների ու արդուկների գործածությունը կարող է հանգեցնել մազերի չորության ու փխրունության՝ բարձրացնելով մազաթափության հավանականությունը: Բացի այդ, բարձր ջերմաստիճանների ազդեցությունը թուլացնում է մազարմատներն ու ջրազրկում է գլխամաշկը, ինչը ևս բացասաբար է անդրադառնում մազերի որակի վրա:
Սխալ սննդակարգ
Մազաթափության պատճառ կարող է դառնալ նաև սխալ սննդակարգը, ինչի հետևանքով օրգանիզմը չի ստանում բավարար քանակությամբ երկաթ ու ամինաթթուներ: Երկաթն անհրաժեշտ է հեմոգլոբինի՝ մազարմատներն ու օրգանիզմի բոլոր բջիջները թթվածնով հագեցնող տարրի արտադրության համար: Ոչ պակաս կարևոր են նաև ամինաթթուները: Բանն այն է, որ մազերը բաղկացած են կերատինից, իսկ այս սպիտակուցի արտադրության համար հարկավոր է 18 տեսակի ամինաթթու:
Սթրես
Մազաթափությունը հաճախ է դառնում սթրեսի պատճառ, սակայն նման դեպքերում խնդիրը, որպես կանոն, միայն էլ ավելի է խորանում, քանի որ սթրեսն ինքնին կարող է հանգեցնել մազաթափության: Խոսքը սթրեսային ալոպեցիայի մասին է, որի դեպքում սթրեսի չափազանց բարձր մակարդակը մազարմատները հանգստի վիճակի է բերում աճի փոխարեն, ինչի հետևանքով ժամանակի ընթացքում դրանք պարզապես պոկվում են: Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին նվազեցնել սթրեսի մակարդակն ու խուսափել սթրեսային իրավիճակներից: