«Տարբեր քասթինգների եմ մասնակցել ու հայտնվել հեռուստաեթերում». «Էլենի օրագիրը» սերիալից հայտնի Իրինա Այվազյանը դերասանական կրթություն չունի, բայց շատ է սիրում այս մասնագիտությունը: Հենց այդ սիրո շնորհիվ է Իրինան մասնակցել տարբեր քասթինգների ու հնարավորություն ստացել երևալ հեռուստատեսությամբ:
ShowBiz.am-ը զրուցել է «Էլենի օրագիրը» սերիալից մեզ հայտնի ու սիրված Իրինա Այվազյանի հետ, քննարկել իր դերի, սերիալի ավարտից հետո ունեցած զգացողությունների, դերասանների հետ իր հարաբերությունների ու նոր նախագծերի մասին։
– Ավարտվեց «Էլենի օրագիրը» հեռուստասերիալը, որքանո՞վ էիք հասցրել կապվել Ձեր դերին, սիրվե՞ց Անուշիկի կերպարը Ձեր կողմից։
– Իմ կյանքում ամեն նոր բանին առհասրակ դժվարությամբ եմ ընտելանում, բայց կապվելուց էլ այնքան եմ կապվում, որ անտանելի, կրկնակի ու եռակի անգամ մեծ դժվարությամբ էլ բաժանվում եմ։ Անուշիկի հետ էլ էի շատ կապվել։ Կերպարիս շատ սիրում էի, չնայած որ ուներ բնավորության այնպիսի գծեր, որոնք տանել չէի կարողանում, շատ լացկան ու անինքնավստահ էր։
– Նկարահանումների ժամանակ դերասաններից ու՞մ հետ էիք հասցրել մտերմանալ, և Ձեր շփումը սերալի ավարտից հետո էլ դեռ շարունակվում է։
– Նկարահանումների ընթացքում բոլորի հետ էլ փորձել եմ մտերիմ հարաբերություններ ունենալ, առանձնացնելը շատ դժվար կլինի։ Իսկ այժմ, երբ սերիալն արդեն ավարտված է, շփումս շարունակում եմ Բեն Ավետիսյանի, Էմմա Սապունջյանի, Ժաննա Վելիցյանի, Հասմիկ Խոջյանի հետ։ Բայց կարծում եմ այդպես ուղղակի հանգամանքների բերումով է ստացվել։ Հնարավորության դեպքում նկարահանումներից դուրս հաստատ կապ կպահպանեի նաև մյուսների հետ էլ, չնայած որ ինտերնետային հարթակում շփումը բոլորի հետ էլ կա։ Վստահ եմ, որ իրենց հետ հանդիպելու հնարավորություն էլ դեռ կլինի։
– Ի՞նչ տվեց ձեզ հեռուստասերիալը, ինչո՞վ կհիշվի Անուշիկի կերպարը։
– Հեռուստասերիալը ինձ, իրոք, շատ բան է տվել։ Դրանք ինձ համար լրիվ նոր զգացողություններ էին։ Այն ինձ համար լավ հնարավորություն էր տաղանդավոր մարդկանց հետ աշխատելու համար, ինչու չէ՞ նաև փորձ՝ դերասանական ասպարեզում հետագա քայլերս ավելի ամուր դնելու համար։ Ինչպես նաև այն ինձ օգնեց ինչ-որ առումով հայտնիություն ձեռք բերել։
– Ի՞նչ հետաքրքիր դեպքեր կհիշեք նկարահանումներից, որոնք իսկապես տպավորվել են։
– Հիշվող դեպքեր շատ-շատ են եղել։ Բայց դրանք ավելի շատ կադրից դուրս ու անձնական բնույթի են։ Չեմ կարող դրանցով կիսվել։
– Նոր նախագծեր կամ առաջարկեն ունե՞ք։
– «Էլենի օրագիրը» սերիալից հետո միանգամից մի քանի առաջարկներ եղան։ Ինչ-ինչ պատճառներով մեկը չստացվեց, մյուսը ես չցանկացա և այլն։ Այս պահին ինչ-որ նախագծով զբաղված չեմ։ Ապագայի համար ունեմ մի նախագիծ, որ կցուցադրվի Յութուբով, այն Հովհաննես Դավթյանի HD Production-ի նախաձեռնած հաղորդումն է, անվանումը՝ «Գյուղից գյուղ»։ Վարելու եմ ես Ռուբեն Եսայանի հետ միասին։ Վստահ եմ, որ շուտով կրկին հեռուստաեթերում կլինեմ։
– Դերասանուհու կարիերային զուգահեռ ինչո՞վ եք զբաղվում։
– Ես լեզվաբանի ու տուրիզմի մենեջերի մասնագիտություն ունեմ, բայց միշտ երազել եմ թատերական կրթություն ունենալու մասին։ Մտածում եմ ապագայում երևի այդ մասնագիտությունն էլ ձեռք բերել։
– Անձնական կյանքում նորություններ ունե՞ք։
– Անձնականիս հետ կապված հարցերին պատասխանելուց միշտ խուսափում եմ, այս անգամ էլ կլռեմ։
Հեղինակ՝ Լուս Ավագյան