«Իմ ընկերը տանել չի կարողանում այդ երևույթը». Նազենի Հովհաննիսյանը՝ անձնականի և մայրանալուն վերաբերող հարցերի մասին

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այս օրերին հանգիստն է վայելում Հունաստանում և ժամանակ է գտել  Ինստագրամի իր էջում պատասխանել հետևորդների հարցերին՝ հրապարակելով նրանց  նամակները։

Դեռ մեկ տարի առաջ Նազենին «Ինստամերկ» նախագծի շրջանակում հաստատել էր, որ սիրելի ունի։ Նա անդրադարձել է այս մասին հարցերին՝ նշելով, որ շատ են իրեն գրում այդ մասին։

«Իմ անձնականում ամեն ինչ լավ է, շնորհակալ եմ։ Ես երբեք չեմ հրապարակի իմ ընկերոջ լուսանկարը (տանել չի կարողանում)»,- գրել է նա, ապա անդրադարձել նաև հանգստի մասին մարդկանց նկատառումներին և նշել, որ դա իր իրավունքն է։

Դերասանուհուն հարց են տվել նաև այն մասին, որ պատերազմի օրերին ասել էր, որ այդ ամենի ավարտից հետո երեխա է ունենալու։

«Ախր էս հարցն ամեն անգամ գրելով բա՞ն է փոխվում։ Ախր մենք «սրտանց կամենալն» ու անտակտությունը ե՞րբ դրեցինք նույն նժարին։ Ախր ձեր կյանքով ապրելը ե՞րբ փոխարինվեց  միայն ուրիշի կյանքով ապրելուն։ Ախր էդ անտերը  հո սուրճի պատվեր չի»,- գրել է նա՝ նշելով, որ միշտ փորձել է հարցին հումորով պատասխանել, բայց արդեն սպառվում է։