Ինչպես է ջուրն օգնում ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշից ազատվելը երբեմն բավական բարդ է լինում, ինչի հետևանքով մարդիկ հաճախ հուսահատվում են: Սակայն դիետաների անարդյունավետության դեպքում մասնագետները հորդորում են ուշադրություն դարձնել հասարակ մաքուր ջրին, քանի որ այն լավագույն միջոցներից է ավելորդ քաշի դեմ պայքարի համար:

Հարկ է հիշել, որ քաշի նվազման հարցում որոշիչ դեր է խաղում հասարակ թվաբանությունը. նիհարելու համար մարդը պետք է վատնի ավելի շատ կալորիա, քան օգտագործում է: Եթե օգտագործած կալորիաների թիվը գերազանցում է վատնած կալորիաների թիվը, ապա քաշն սկսում է ավելանալ, ինչը կարող է հանգեցնել ճարպակալման: Սակայն հետազոտությունները ցույց են տվել, որ այս խնդրի դեմ պայքարում հիանալի օգնական կարող է լինել հասարակ ջուրը:

Գիտնականներն ապացուցել են, որ ջուրն օգնում է ավելի շատ կալորիա վատնել: Հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ ընդամենը կես լիտր ջրի գործածությունը հանգստի ժամանակ 10 րոպեի ընթացքում 24-30%-ով ավելացնում է վատնվող էներգիայի մակարդակը: Ընդ որում, այս արդյունքը պահպանվում է ավելի քան մեկ ժամ:

Մեկ այլ հետազոտության արդյունքում պարզվել է, որ ավելորդ քաշի դեմ պայքարում առավել լավ արդյունք են գրանցել այն կանայք, ովքեր ավելացրել են օրվա ընթացքում օգտագործվող ջրի քանակությունը մեկ լիտրով: Մեկ տարվա ընթացքում ճարպակալումով տառապող այդ կանայք կորցրել են հավելյալ 2 կգ՝ առանց որևէ լուրջ ջանք գործադրելու:

Բացի այդ, մասնագետները նշում են, որ շատ հաճախ օրգանիզմը քաղցի զգացումը շփոթում է ծարավի զգացման հետ, ուստի ծարավ լինելու դեպքում մարդիկ հաճախ բարձր կալորիականությամբ սնունդ են ուտում ջուր խմելու փոխարեն: Սա է պատճառը, որ սաստիկ քաղցի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս նախ մի բաժակ ջուր խմել: