Խորհուրդներ սննդաբանից, որոնք օգնեցին կնոջն ազատվել 70 կգ ավելորդ քաշից

Ավելորդ քաշից ազատվելու գործընթացն այդքան էլ հեշտ չէ, սակայն այս խնդրից չազատվելը կարող է հետագայում լուրջ բարդություններ առաջացնել: Բացի այդ, ավելորդ քաշն ազդում է ոչ մարդու միայն ֆիզիկական, այլև հոգեկան առողջության վրա, և հենց սա էլ հաճախ ստիպում է մարդկանց սկսել հետևել իրենց կազմվածքին:

2015 թվականին Ամանդա Վուդը որոշեց, որ ժամանակն է ազատվել ավելորդ կիլոգրամներից, և սկսեց այդ գործընթացը բժշկի հետ խորհրդակցությունից: Մասնագետի խորհուրդների շնորհիվ կինն ընդամենը երկու տարում ազատվեց 70 կգ ավելորդ քաշից և զգալիորեն բարելավեց առողջական վիճակն ու ինքնազգացողությունը:

Սննդաբանն առաջին հերթին խորհուրդ տվեց Ամանդային փոքրացնել օգտագործվող սննդի չափաբաժինը, վերահսկել ընդունած կալորիաների քանակն ու բացառել սննդակարգից արագ սնունդն ու վնասակար մթերքը՝ փոխարենն օգտագործելով առողջարար մթերք:

Բջջային հատուկ հավելվածի միջոցով Ամանդան սկսեց վերահսկել իր սննդակարգը՝ աշխատելով ստանալ ընդունած կալորիաների 35%-ն ածխաջրերից, 25%-ը ճարպերից և 40%-ը սպիտակուցներից:

Միևնույն ժամանակ կինը նշում է, որ մարզասրահ սկսել է հաճախել միայն 30 կգ ավելորդ քաշից ազատվելուց հետո: Բոլոր նիհարել ցանկացողներին Ամանդան խորհուրդ է տալիս անպայման աշխատել անձնական մարզչի հետ, ինչը կօգնի հեշտացնել այդ գործընթացն ու խուսափել տարածված սխալներից:

Ամանդայի խոսքով՝ ավելորդ քաշից ազատվելու ընթացքում հարկավոր է հիշել, որ մարդիկ կատարյալ չեն, ուստի անհրաժեշտ է համբերատար ու զիջողամիտ լինել, ինչպես նաև չափազանց մեծ նպատակներ չդնել ու առաջ գնալ փոքր քայլերով: Ամանդան նշում է, որ հարկավոր է հետևել մյուսների հաջողություններին ու դասեր քաղել, սակայն ոչ մի դեպքում չի կարելի համեմատվել նրանց հետ, քանի որ ամեն մարդ էլ յուրահատուկ է: