Շատերին է հետաքրքրում, թե ինչպես է հոլիվուդյան աստղերին հաջողվում պահպանել գեղեցիկ կազմվածքը՝ անկախ տարիքից ու ժառանգական հակվածությունից: Իհարկե այս դեպքում նման արդյունքի հասնելու համար աստղերը հաճախ դիմում են ոճաբանների կոսմետոլոգների, սննդաբանների և անհատական մարզիչների օգնությանը, սակայն միևնույն է ամենակարևորն այս հարցում կամքի ուժն ու գործադրած ջանքերն են:
Սակայն կա մի յուրահատուկ մեթոդ, որի օգնությանն աստղերը դիմում են, երբ հարկավոր է լինում կարճ ժամանակահատվածում ազատվել մի քանի կիլոգրամ ավելորդ քաշից: Այդ մեթոդն անվանվել է «Հոլիվուդյան դիետա» և դրա հիմնական սկզբունքն օգտագործվող կալորիաների քանակի նվազեցումն է, ինչի համար հարկավոր է հրաժարվել ճարպերից ու ածխաջրերից: Այս դիետայի ընթացքում սննդակարգը հարկավոր է հարստացնել մեծ քանակությամբ սպիտակուցներով ու մանրաթելերով, որոնց օգնությամբ վնասակար նյութերը դուրս են գալիս օրգանիզմից:
Բացի սննդակարգից, համաձայն որի հարկավոր է սնվել, անհրաժեշտ է հետևել նաև մի շարք կանոնների: Առաջին հերթին՝ պետք չէ մոռանալ օրական բավարար քանակութամբ ջուր խմելու մասին: Հասուն մարդու համար ջրի օրական նորման 2.5 լիտրն է: Որոշ դեպքերում այն կարելի է փոխարինել կանաչ թեյով կամ համատեղել, սակայն թեյը պետք է լինի բնական և առանց հավելումների:
Բացի այդ, դիետայի 14 օրվա ընթացքում հարկավոր է հրաժարվել նախաճաշից: Հազվադեպ կարելի է առավոտյան մի բաժակ թեյ խմել կամ որևէ ցիտրուսային միրգ ուտել (½ մասը): Այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ է հրաժարվել նաև հացաբուլկեղենից, ալկոհոլից ու աղից:
Ուտեստները ցանկալի է շոգեխաշել կամ ուտել մթերքը հում վիճակում: Նաև խորհուրդ է տրվում ակտիվորեն այրել ճարպերը ֆիզիկական վարժությունների միջոցով:
Այս դիետայի գլխավոր առավելությունն ընդամենը 2 շաբաթում 7-11 կգ ավելորդ քաշից ազատվելու հնարավորությունն է: Այս հարցում շատ մեծ նշանակություն ունեն ֆիզիկական վարժությունները: Բացի այդ, շատ կարևոր է նաև ալկոհոլից հրաժարվելը, քանի որ այն ոչ միայն ունի բարձր կալորիականություն, այլև առաջացնում է քաղցի զգացողություն:
Այս դիետան ենթադրում է նաև աղի բացառում, ինչն օգնում է հենց առաջին իսկ օրերին ազատվել զգալի ավելորդ քաշից, քանի որ աղը թույլ չի տալիս, որ հեղուկը դուրս գա օրգանիզմից և հաճախ դառնում է այտուցների առաջացման պատճառ:
Հոլիվուդյան դիետայի առավելություններից մեկը թուրինջն է, որը մարդն օգտագործում է գրեթե ամեն օր: Այս միրգը ոչ միայն հագեցնում է, այլև կարգավորում է արյունատար, նյարդային և իմունային համակարգերի աշխատանքը:
Հարկավոր է հաշվի առնել, որ այս սննդակարգում ներառված է նաև սուրճ, սակայն այն կարող է առաջացնել զարկերակային ճնշման տատանումներ ու գլխապտույտ, ուստի ցանկության դեպքում այս ըմպելիքը կարելի է փոխարինել թեյով: Բացի այդ, ածխաջրերի պակասը նույնպես կարող է դառնալ առավոտյան թուլության պատճառ:
Այս սննդակարգին հետևելու դեպքում մարդը պետք է պատրաստ լինի հետևել խիստ կանոններին և ունենա կամքի ուժ: Օրվա ընթացքում, բացի սննդի ընդունման հիմնական ժամերից, չի կարելի ուտել որևէ այլ բան: Հազվադեպ կարելի է որևէ ցիտրուսային միրգ կամ խնձոր ուտել:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այս արդյունավետ սննդակարգը.
1-ին օրը.
· Ճաշին՝ 2 հատ լորի ձու, ½ թարմ թուրինջ, մի բաժակ հանքային ջուր:
· Ընթրիքին՝ պեկինյան կաղամբով ու վարունգով աղցան, թուրինջ, մի բաժակ կանաչ թեյ:
2-րդ օրը.
· Ճաշին՝ 1 հատ խաշած հավկիթ, մի բաժակ սուրճ,
· Ընթրիքին՝ 150 գրամ խաշած տավարի միս, մի բաժակ կանաչ թեյ:
3-րդ օրը.
· Ճաշին՝ 150 գրամ խաշած ձկան փափկամիս կանաչեղենով, մի բաժակ թուրինջի հյութ:
· Ընթրիքին՝ 100 գրամ անյուղ կաթնաշոռ, մի բաժակ կանաչ թեյ:
4-րդ օրը.
· Ճաշին՝ 150 գրամ խաշած հավի կրծքամիս, թարմ վարունգ, մի բաժակ հանքային ջուր:
· Ընթրիքին՝ խաշած սոյա, 1 հատ հավկիթ, մի բաժակ ոչ շատ թունդ սուրճ:
5-րդ օրը.
· Ճաշին՝ խնձորով, թուրինջով ու արքայախնձորով մրգային աղցան, թարմ քամած նարնջի հյութ:
· Ընթրիքին՝ 200 գրամ խաշած ձկան փափկամիս, միջին չափի լոլիկ, մի բաժակ հանքային ջուր:
6-րդ օրը.
· Ճաշին՝ 2 հատ լորի ձու, մի բաժակ կանաչ թեյ:
· Ընթրիքին՝ թարմ թուրինջ, 100 գրամ անյուղ կաթնաշոռ, մի բաժակ հանքային ջուր:
7-րդ օրը.
· Ճաշին՝ 200 գրամ խաշած անյուղ տավարի միս, թարմ վարունգ, մի բաժակ ոչ շատ թունդ սուրճ:
· Ընթրիքին՝ կաղամբով, լոլիկով ու վարունգով աղցան, մի բաժակ կանաչ թեյ:
8-րդ օրը.
· Ճաշին՝ 2 հատ լորի ձու, ½ թուրինջ, մի բաժակ հանքային ջուր:
· Ընթրիքին՝ խնձորով ու թուրինջով մրգային աղցան, մի բաժակ նարնջի հյութ:
9-րդ օրը.
· Ճաշին՝ խաշած ոլոռ (պատիճավոր), մի բաժակ կանաչ թեյ:
· Ընթրիքին՝ 150 գրամ խաշած հավի կրծքամիս, ցիտրուսային մրգերից քամված հյութ:
10-րդ օրը.
· Ճաշին՝ վարունգով ու լոլիկով աղցան, ոչ շատ թունդ սուրճ:
· Ընթրիքին՝ 200 գրամ խաշած ձկան փափկամիս, թարմ վարունգ, կանաչ թեյ:
11-րդ օրը.
· Ճաշին՝ 1 հատ հավկիթ, թարմ լոլիկ, հանքային ջուր:
· Ընթրիքին՝ թարմ խնձոր, նարինջ, թուրինջ, անանուխով ըմպելիք:
12-րդ օրը.
· Ճաշին՝ բողկով, հազարի թերթիկներով ու կանաչեղենով աղցան, մի բաժակ սուրճ:
· Ընթրիքին՝ 150 գրամ անյուղ կաթնաշոռ, մի բաժակ գազարի հյութ:
13-րդ օրը.
· Ճաշին՝ հավի խաշած փափկամիս, վարունգ, մի բաժակ կոճապղպեղով թեյ:
· Ընթրիքին՝ 2 հատ լորի ձու, մի բաժակ հանքային ջուր:
14-րդ օրը.
· Ճաշին՝ 150 գրամ խաշած տավարի միս, թարմ լոլիկ, մի բաժակ հանքային ջուր:
· Ընթրիքին՝ թուրինջ, մի բաժակ կանաչ թեյ:
Այս դիետան հայտնի է որպես բավականին խիստ դիետա, սակայն այն փորձած մարդիկ հաստատում են դրա արդյունավետությունը: Այս սննդակարգին հետևելու դեպքում դժվար է ոչ այնքան ավելորդ կիլոգրամներից ազատվելը, որքան հետագայում արդյունքը պահելը:
Հարկ է հիշել, որ դիետան ավերտելուց հետո չի կարելի մեծ քանակությամբ վնասակար սննդամթերք օգտագործել: Սննդի չափաբաժինները կարելի է մեծացնել, սակայն դա հարկավոր է անել աստիճանաբար:
Բացի այդ, հարկավոր է կատարել ֆիզիկական վարժություններ, որպեսզի մկանները չկորցնեն իրենց տոնուսը, իսկ կորցրած կիլոգրամները կրկին չվերադառնան: