Ումա Թուրմանը խոստովանել է, որ 15 տարեկանում աբորտ է արել

Ամերիկացի դերասանուհի Ումա Թուրմանը խոստովանել է, որ 15 տարեկանում աբորտ է արել: Այս մասին նա խոսել է Washington Post-ի համար իր էսսեում, որտեղ քննադատել է աբորտների արգելքը Տեխասում:

«Դերասանական կարիերաս սկսել եմ 15 տարեկանից: Հետո ես պատահաբար հղիացա ինձանից շատ մեծ տղամարդուց: Ես ապրում էի ընտանիքիցս հեռու և փորձում էի հասկանալ, թե ինչ պետք է անել հետո»,- գրել է Թուրմանը:

Թուրմանը մանրամասն նկարագրել է, թե ինչպես է զանգահարել ծնողներին՝ քննարկելու իր հետագա քայլերը: Ի վերջո, նրանք համատեղ որոշում են կայացրել հղիությունը դադարեցնելու մասին: Նա հղիության արհեստական ​​ընդհատման է ենթարկվել Գերմանիայի Քյոլն քաղաքի կլինիկաներից մեկում: «Դա սարսափելի ցավոտ էր, բայց ես չբողոքեցի»,- կիսվել է Թուրմանը՝ նշելով, որ դա իր ամենամռայլ գաղտնիքն էր մինչ այժմ:

«Այժմ ես 51 տարեկան եմ, և սրանով կիսվում եմ ձեզ հետ այն տնից, որտեղ մեծացրել եմ երեք երեխա, որոնք իմ հպարտությունն ու ուրախությունն են: Պատանեկության տարիներին արված աբորտը իմ կյանքի ամենադժվար որոշումն էր, որն ինձ տառապանք պատճառեց այն ժամանակ և տխրեցնում է ինձ մինչև այսօր, բայց դա այն ճանապարհն էր դեպի կյանք, որը լի է ուրախությամբ և սիրով, որը ես զգում եմ հիմա»,- ամփոփել է արտիստը։

Իր էսսեի վերջում Թուրմանը նշել է, որ Տեխասում հղիության արհեստական ​​ընդհատման արգելքը ևս մեկ խտրական գործիք է նրանց համար, ովքեր անապահով են: