Ավելորդ քաշը ներկայում շատ տարածված խնդիր է, որից մասնագետները հորդորում են ազատվել ճիշտ սննդակարգի և ֆիզիկական ակտիվության միջոցով։ Օգտակար մթերքի գործածությունն ու բավարար ֆիզիկական ակտիվությունն իսկապես օգնում են հասնել ցանկալի արդյունքին, սակայն լինում են դեպքեր, երբ քաշը շարունակում է ավելանալ անգամ մասնագետների բոլոր խորհուրդներին հետևելու դեպքում։ Սա պայմանավորված է լինում նրանով, որ երբեմն մարդիկ օգտագործում են մթերք, որն առաջին հայացքից թվում է օգտակար ու դիետիկ, մինչդեռ իրականում խիստ վնասակար է կազմվածքի, իսկ երբեմն էլ անգամ առողջության համար։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սննդամթերքի այն տեսակները, որոնք համարվում են դիետիկ, սակայն իրականում հանգեցնում են քաշի ավելացման։
Ամբողջահատիկ հաց
Մարդիկ հաճախ են հրաժարվում սովորական հացից ու փոխարինում այն ամբողջահատիկ հացով՝ ենթադրելով, որ այն շատ ավելի օգտակար է ու չի գիրացնում, մինչդեռ իրականում նման հացերը տալիս են օրգանիզմին նույնքան կալորիա, որքան սպիտակ ալյուրից պատրաստված հացը, որը համարվում է վնասակար։ Բանն այն է, որ ամբողջահատիկ հացը չունի նման հաճելի համ, ինչպես սպիտակ հացը, ուստի այն ավելի համեղ դարձնելու համար արտադրողները հաճախ տարատեսակ հավելումներ են կիրառում։
Մրգային հյութեր
Շատերը կարծում են, որ նախաճաշին խոզապուխտով ձվածեղը մի բաժակ նարնջի հյութով փոխարինելն ավելի օգտակար կլինի, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ սա վատագույն ընտրությունն է։ Բանն այն է, որ նման հյութերը հարուստ են մեծ քանակությամբ վնասակար շաքարներով, որոնք անմիջապես հայտնվում են արյան մեջ։ Բացի այդ, դրանք չեն պարունակում մանրաթելեր, որոնք կանխում են արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացումից։ Նման սովորությունը կարող է շատ վտանգավոր լինել, ուստի հարկավոր է խուսափել պատրաստի հյութերից, իսկ սաստիկ ցանկության դեպքում ինքնուրույն պատրաստել դրանք՝ օգտագործելով թարմ մրգեր։
Ընկույզներ
Ընկույզները շատ օգտակար են, հարուստ են սպիտակուցով ու շատ արագ հագեցնում են, ուստի շատերը կարծում են, որ դրանք թեթև քաղցից ազատվելու լավագույն միջոցն են, սակայն հարկ է հիշել, որ դրանք ունեն շատ բարձր կալորիականություն և կարող են դառնալ քաշի ավելացման պատճառ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է հստակ իմանալ, թե որքան կալորիա է պարունակում այս կամ այն ընկույզն ու օգտագործել այն խիստ չափավոր։
Յուղազրկված մթերք
Յուղազրկված մթերքը ոչ մի դեպքում չի կարող լինել օգտակար, ուստի դրանից հարկավոր է խուսափել։ Բանն այն է, որ որոշակի համ ու կառուցվածք ունենալու համար սննդին ճարպեր են հարկավոր, մինչդեռ յուղազրկման դեպքում դրանք փոխարինվում են շաքարով ու նատրիումով, ինչի հետևանքով մթերքի կալորիականությունը շատ ավելի է բարձրանում։ Հարկ է հիշել, որ ցածր յուղայնությամբ մթերքից հարկավոր է խուսափել, իսկ եթե ինչ-ինչ պատճառներով հարկավոր է օգտագործել նման մթերք, ապա անհրաժեշտ է ուսումնասիրել դրա բաղադրությունն ու խուսափել շաքարից։
Կանաչ սմուզիներ
Մասնագետները նախազգուշացնում են, որ կանաչ գույնը բավական խաբուսիկ է և կարող է դառնալ քաշի ավելացման պատճառ։ Բանն այն է, այն ասոցացվում է անվնաս սննդի հետ, քանի որ մարդիկ կարծում են, որ նման մթերքը ոչ մի դեպքում չի կարող լինել վնասակար կամ գիրացնող, մինչդեռ կանաչ սմուզիներ պատրաստելիս այդ գույնը ստանալու համար բավական է օգտագործել սպանախի ընդամենը մեկ թերթիկ և հագեցնել ըմպելիքն այլ բաղադրիչներով՝ այդ թվում կաթով, շաքարավազով և բարձր կալորիականություն ունեցող այլ մթերքով։ Սա է պատճառը, որ նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում խուսափել նման սմուզիներից կամ պատրաստել դրանք ինքնուրույն՝ ներառելով միայն օգտակար ու ցածր կալորիականություն ունցող մթերք։
Ցածր կալորիականությամբ թեթև ուտեստներ
«Ցածր կալորիականությամբ» պիտակավորում ունեցող սնունդը ներկայում շատ տարածված է։ Դրանք բավական համեղ են և թվում են շատ առողջարար, ուստի առողջ կենսակերպի հետևորդները հաճախ են նախապատվությունը տալիս նման մթերքին` ենթադրելով, որ այն չի վնասի կազմվածքին կամ առողջությանը։ Սակայն խնդիրն այն է, որ նման մթերքը պատրաստվում է տարատեսակ հացահատիկներից և պարունակում է մեծ քանակությամբ շաքար, ուստի ունի բավական բարձր կալորիականություն և չի պարունակում օրգանիզմի համար օգտակար տարրեր։ Մասնագետները նախազգուշացնում են, որ քաշի նվազման համար հարկավոր է ոչ միայն նվազեցնել սննդակարգի ընդհանուր կալորիականությունը, այլև ազատվել բորբոքային գործընթացներից ու դիսբալանսից, որոնց պատճառ է դառնում նման անօգուտ մթերքի գործածությունը։