«Ֆորսաժի» հերոսներից մեկը հայտնել է, որ նկարահանումների ժամանակ այլևս իրական հրազեն չի օգտագործի

Հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը հայտարարել է, որ այլևս երբեք նկարահանումների ժամանակ իրական մարտական զենք չի օգտագործի:

«Կարող եմ խոսել Seven Bucks Productions կինոընկերությունների խմբի անունից: Մենք երբեք այլևս իրական զենք չենք կիրառի ցանկացած հեռուստատեսային շոուի ժաանակ կամ ֆիլմում»,- Корреспондент-ը մեջբերում է դերասանին:

Նման հայտարարությամբ  «Ֆորսաժ» ֆիլմաշարի հերոսը հանդես է եկել «Ժանգ» ֆիլմի նկարահանումների ժամանակ Ալեք Բոլդուինի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո, երբ վերջինիս արձակած կրակոցի հետևանքով մահացել է ֆիլմի օպերատոր Գալինա Հաթչինսը:

Ջոնսոնի խոսքով՝ իր մասնակցությամբ տեսարաններում այսուհետ օգտագործվելու են ռետինե ատրճանակներ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 214 հոլիվուդյան կինոօպերատորներ նկարահանման ժամանակ իրական հրազենի օգտագործման արգելքի մասին նախաձեռնություն են սկսել: