«Ես կլինեմ նոր եթերաշրջանում»․ դերասանուհի Մերի Մովսեսյանը, ով «Պատվից առավել» հեռուստասերիալում մարմնավորում է Լուսինին, Showbiz.am–ի հետ խոսել է սերիալի 2-րդ եթերաշրջանի մանրամասներից, պատմել իր կերպարային փոփոխություններից, ուրիշ նախագծերում նկարահանվելու առաջարկներից, դերասանների հետ ունեցած փոխհարաբերություններից և աձնական որոշ մանրամասներից։
– Շարունակելու՞ եք նկարահանվել «Պատվից առավել» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանում։ Կերպարային առումով Լուսինի հետ ինչ-որ փոփոխություններ, հետաքրքիր շրջադարձեր սպասվելու՞ են։
– Ես կլինեմ նոր եթերաշրջանում։ Շատ չեմ բացի չակերտները, բայց կերպարային փոփոխություններ լինելու են, դերս ավելի է բարդանալու։ Իսկ սցենարային հետաքրքիր լուծումներն ու լարված սերիաները հեռուստադիտողից անպակաս կլինեն։ Կարող եմ ասել, որ պատմությունը ավելի է խճճվելու։ Այնպես որ բարի դիտում եմ ցանկանում բոլորիդ, մենք սեպտեմբերի 2-ից արդեն եթերում ենք լինելու։
– Այս ընթացքում ուրիշ նախագծերում նկարահանվելու հետաքրքիր առաջարկներ ստացե՞լ եք։
– Ուրիշ TV-ներից առաջարկներ եղել են այս ընթացքում նկարահանվելու համար ու էլի հեռուստասերիալում, բայց քանի որ ես այստեղ եմ, բնականաբար, մերժել եմ այդ առաջարկները։
– Որքանո՞վ է Ձեզ հարազատ դարձել Լուսինը։ Հեշտությա՞մբ եք կարողանում դերը տարանջատել ձեր եսից։
– Սկզբում շատ էի վախենում Լուսինի կերպարից, քանի որ այն շատ բարդ էր իրականում։ Նա ունեցել է շատ դժվարին կյանք, ինչն էլ իր հոգեբանական ազդեցությունն է թողել։ Երկրորդ հերթին բարդություն էր իրենից ներկայացնում այն փաստը, որ Լուսինը մայր էր, իսկ ես 20 տարեկան եմ, երբ սկսվեցին նկարահանումները 19 էի ու մայր լինելը այդքան էլ հեշտ չէր, անգամ ցույց տալը, որովհետև պետք է այդ հոգատարությունը լիներ անկեղծ, որպեսզի հեռուստադիտողն էլ հավատար քեզ։ Բայց հիմա արդեն շատ հեշտ է ամեն ինչ ստացվում, Ժիրոյի հետ էլ շատ եմ մտերմացել, նկարահանումներից դուրս խաղում ենք իրար հետ, վազվզում, կատակներ անում, դրա համար էլ հիմա շատ ավելի հեշտ է։
Ես ու Լուսինը շատ տարբեր ենք իրականում, դրա համար էլ շատ հեշտ է մեզ իրարից տարանջատելը։ Ես շատ ավելի համարձակ եմ ի տարբերություն Լուսինի, ով շատ խեղճ ու զուսպ է, որն էլ գալիս է նրա ապրած կյանքից ու դաժան ճակատագրից։
– Ինչպիսի՞ հարաբերություններ ունեք սերիալի դերասանական կազմի հետ։ Ու՞մ հետ եք հասցրել մտերմանալ։
– Սերիալի դերասաններից ոչ ոքի հետ խնդիր չեմ ունեցել ու ինձ թվում է, որ չեմ էլ ունենա, քանի որ բոլորս էլ պրոֆեսիոնալներ ենք և հասկանում ենք, թե ինչի համար ենք հավաքվել։ Շատ հաճախ փորձում ենք միմյանց օգնել, ուղղություն ցույց տալ։ Այս ընթացքում շատ եմ մտերմացել իմ եղբոր դերակատարի՝ Գևորգ Գրիգորյանի հետ, նաև իմ ամուսնու դերակատարի՝ Համլետ Ղազարյանի, ինչքան էլ որ անսպասելի է, քանի որ սերիալում մեր հարաբերությունները չափազանց լարված են, ինչպես նաև Սարգսյան Լիլիթի ու Էլեն Ազնավուրյանի։
– Սերիալը Ձեզ հայտնիություն բերեց։ Հաճելի՞ է, երբ մարդիկ փողոցում տեսնելիս Ձեզ ճանաչում են։
– Ես մինչ Լուսինի դերը խաղալը էլի տարբեր նախագծերում հանդես եմ եկել, ու ինձ մարդիկ ճանաչել են, սակայն այս դերն ինձ ավելի մեծ ճանաչում ու փորձ բերեց։ Իհարկե հաճելի է, երբ փողոցում տեսնելիս քեզ ճանաչում են, ու ես կզարմանամ, երբ ինչ-որ մեկն ասի, որ դա հաճելի չէ։ Հայտնիությունը մեր մասնագիտության մի մասն է։
– Դերասանուհու կարիերային զուգահեռ ինչո՞վ եք զբաղվում։
– Ես հիմա սովորում եմ, ավելի ճիշտ սովորելուն զուգահեռ եմ նկարահանվում։ Սովորում եմ Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտում, երկրորդ կուրս եմ տեղափոխվել, Դավիթ Հարությունյանի արվեստանոցում եմ սովորում։ Դասերի հետ նկարահանումները համատեղելը իրականում մի փոքր բարդ է, երբ ազատ ժամանակ եմ ունենում, թեկուզ մի ժամ, ես արագ գնում եմ նկարահանման ու էլի վերադառնում եմ դասերիս։ Նախկինում զբաղվել եմ պարով, թեթև աթլետիկայով, մի խոսքով սպորտը իմ կյանքում կարևոր դեր ունի, և հիմա էլ ազատ ժամանակ միշտ մարզասրահ եմ այցելում։
– Ի՞նչ հետաքրքիր դեպքեր կհիշեք նկարահանումներից։
– Մեր նկարահանումները հիմնականում հարթ ու առանց արտառոց դեպքերի են անցնում։ Բոլորս էլ այստեղ հավաքվել ենք մեր աշխատանքը կատարելու համար, այնպես որ կենտրոնանում ենք հենց դրա վրա։
– Անձնական կյանքում ինչ-որ նորություններ ունե՞ք։
– Այդ առումով ինձ մոտ ոչ մի փոփոխություններ չկան և ինչպես ասում են՝ իմ սիրտն ազատ է։
Հեղինակ՝ Լուս Ավագյան