«Վախենում եմ էս մի կտորդ էլ պոկեն, նվիրեն, խլեն, թողնեն ինձ անքեզ»․ Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այսօր հուզիչ գրառում է արել հայրենիքի մասին՝ վերջում օգտագործելով Հայաստան հեշթեգը։

«Ամեն օրս քո գրկում ապրում եմ կյանքիս վերջին օրվա նման… Խելագարի պես՝ ամբողջ ուժով քեզնից կառչած: Վախենում եմ էս մի կտորդ էլ պոկեն, նվիրեն, խլեն, թողնեն ինձ անքեզ: Թե դու չլինես՝ ո՞ւմ եմ պետք իմ ապրած օրերով ու անմիտ մտքերով. անգո ու անէ: Ո՞ւմ ենք պետք բոլորս առանց քեզ: Ես՝ անթաղ մարմին, դեգերող հոգի, մոլորված մի սիրտ… ախր առանց քեզ կյանք չկա, սիրտ չկա, նույնիսկ մահ չկա… անիմաստը կա միայն, գոյությամբ անիմաստն ու էությամբ անօգուտը: Դարձանք անօգուտների ազգախումբ…

Ներիր, որ ընկճվում եմ, ընկրկում եմ, ընկնում եմ, ներիր, որ հուսահատ ինձ փոթորիկներին տված ապրում եմ ու ցավերս թաքուն պահած խարխափում՝ չիմանալով՝ քեզ ոնց օգնել, ոնց փրկել:

Ես ու դու մենակ ենք: Մենակ: Աշխարհի ու ցավերի դեմ՝ մենակ: Մենակ՝ ինչպես դատարկ քաղաքում ոռնացող քամին, որ ամեն ծակուծուկ գիտի, բայց տուն չունի, մարդ չունի, ցավ ունի միայն, ոռնում է:

Ես ու դու մենակ ենք էն հավերժական մենակությամբ, որով ապրում է որդուն կորցրած մայրը, հերոսին գերեզման դրած հայրը կամ ընկերը՝ ինքը խրամատում թաղված, ու չիմանալով՝ ո՞ր ընկերոջը հանի մի կերպ. ո՞ր մեկին ախր…

Իմ հավերժական սեր, առանց քեզ էլ ի՞նչ կյանք կամ սեր:

Ծիծաղում, բարոյազրկում ու ծաղրում էին մեր սերը, ժամանակակից չէր, ոմանց քիմքին հարմար ու մարսելի չէր: Տխմարներ:

Ես ու դու նույն զարկն ու նույն վանքն ունենք, նույն ցավն ու խաչը, նույն բացն ու նույն հացը, նույն լացն ու մորմոքը, կորուստն ու ճաքը, նույն հույսն ու հավատը, տո նույն թշնամին: