Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել միանգամից 4 անվանակարգում

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմը, որն անդրադառնում է Արցախյան պատերազմին, Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնում հաղթող է ճանաչվել միանգամից 4 անվանակարգերում («Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար», «Լավագույն միջազգային ֆիլմ»): Այս մասին հայտնում են Հայաստանի ազգային կինոկենտրոնից: Ռեժիսորի խոսքով՝ «Դրախտի դարպասը» ֆիլմ է ավելի շատ` հայացքը դրսից դեպի Արցախը:

«Դրախտի դարպասը» ֆիլմի  միջազգային ցուցադրությունների շարքն սկսել է սեպտեմբերի 17-ին Լոս Անջելեսի «Ալեքս» կինոթատրոնում: Ամերիկյան պրեմիերայից հետո ֆիլմը ցուցադրվել է Բելգիայի Գենտ քաղաքում, Դետրոյթում, հոկտեմբերի 8-ին՝ Նյու Ջերսիի Սուրբ Լևոն եկեղեցում, հոկտեմբերի 10-ին՝ Բոստոնի West Newton Cinema-ում։ Հոկտեմբերի 15-ին Կանադայում ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանի հովանու ներքո Տորոնտոյի «Յորք» կինոթատրոնում տեղի է ունեցել ֆիլմի նաև կանադական պրեմիերան, և նույն օրը մեկնարկել է ֆիլմի ցուցադրությունների շարքը՝ Մոնրեալի Cinémas Guzzo Méga-Plex Sphèretech-ում:

Կինոդիտողների մեծ լսարանի շնորհիվ ֆիլմի ցուցադրությունները Cinémas Guzzo-ում երկու անգամ երկարաձգվել են:  Ցուցադրությունները շարունակվել են հոկտեմբերի 24-ին՝ Վաշինգտոնի (Կոլոմբիայի շրջան) Սուրբ Խաչ եկեղեցում, հոկտեմբերի 27-ին՝ Սակրամենտոյում, հոկտեմբերի 28-ին՝ Սան Ֆրանցիսկոյի Elmwood Theater-ում:

«Դրախտի դարպասը» Ջիվան Ավետիսյանի՝ արցախյան թեմատիկայով երրորդ լիամետրաժ ֆիլմն է։ Այն ութ երկրների համատեղ արտադրություն է՝ ՀայաստանԼիտվաԳերմանիաՖրանսիաԲուլղարիաՉեխիաԻտալիաԱՄՆ։

Ֆիլմի դերասանական կազմում ընդգրկվել են Ռիխարդ Զամելը՝ Գերմանիայից, Տատյանա Սպիվակովան՝ Ֆրանսիայից, Լեոնարդաս Պոբեդոնոսցևասը՝ Լիտվայից, Նաիրա Զաքարյանը՝ ԱՄՆ-ից, Սոս Ջանիբեկյանը՝ Հայաստանից և այլ սիրված դերասաններ Հայաստանից և արտերկրից։ Նկարահանումներն իրականացվել են Արցախում և Լիտվայում։

Ֆիլմը կյանքի է կոչվել Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ: