Ինչպես չգիրանալ ամանորյա տոնական օրերին․ հինգ հնարք՝ մասնագետներից

Նոր տարին վաստակած հանգստի և առատ սեղանների ժամանակն է։ Հենց այդ պատճառով էլ ավելորդ կիլոգրամներ հավաքելու վտանգը ձմեռային տոների շրջանում հատկապես բարձր է։

Սակայն, սննդաբանների խոսքով, այդ ժամանակը կարելի է անցկացնել նաև առանց կազմվածքին վնաս հասցնելու, եթե հետևեք մի քանի պարզ խորհրդի։ Ընդ որում՝ բոլորովին պարտադիր չէ սահմանափակել հաճույքները։ Եվ այսպես, ներկայացնում ենք հինգ խորհուրդ մասնագետներից։

Դեկտեմբերի 31-ին բաց մի թողեք նախաճաշն ու ճաշը

Եթե տոնական ընթրիքի նախօրեին ամբողջ օրը ոչինչ չուտեք, ապա գիշերը չափից շատ ուտելն անխուսափելի կլինի։ Ուստի դեկտեմբերի 31-ին ոչ մի դեպքում չի կարելի բաց թողնել նախաճաշն ու ճաշը՝ հուսալով ռեսուրսները լրացնել կեսգիշերին։ Հակառակ դեպքում կարող եք յուղոտ տոնական կերակուրների եռակի չափաբաժին ուտել։ Թող այդ օրը նախաճաշն ու ճաշը լինեն չափավոր և առողջ։

Հետևեք չափաբաժիններին

Առատ սեղանից ուզում ես գրեթե բոլոր կերակրատեսակները փորձել։ Եվ այստեղ շատ կարևոր է հետևել չափաբաժիններին, որպեսզի համտեսը չհանգեցնի ստամոքսում ծանրության։ Մասնագետները խորհուրդ են տալիս ափսեի մեջ միանգամից դնել այն ամենը, ինչ պատրաստվում եք ուտել։

Խուսափեք վնասակար սննդից

Նոր տարուն դժվար է հրաժարվել հաճույքներից, ուստի ավելի լավ է փորձել խուսափել վնասակար սննդից և ավելորդ կալորիաներ պարունակող սննդի համար այլընտրանք գտնել։

Օրինակ՝ աղցանը համեմելու համար կարելի է վերցնել անյուղ յոգուրտ՝ մայոնեզի փոխարեն։ Դա կնվազեցնի կալորիականությունը, իսկ ուտելիքի համային որակների վրա առանձնապես չի անդրադառնա։ Ընդ որում՝ սոուսը պետք է աղցանների վրա լցնել մատուցելուց առաջ։

Ի դեպ, մայոնեզը պարունակում է մեծ քանակությամբ տրանսճարպեր, որոնք ավելացնում են աթերոսկլերոզի և սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը։

Մի մոռացեք ֆիզիկական ակտիվության մասին

Իհարկե, տոնական օրերին պարտադիր չէ վազել ֆիթնես-ակումբներ և մարզասրահներ, նույնիսկ եթե դրանք աշխատում են այդ ժամանակ։

Բայց ձմեռային արձակուրդները կարելի է օգտագործել մտերիմների հետ մաքուր օդում ավելի հաճախ զբոսնելու, ընկերների հետ սահադաշտ գնալու կամ դահուկ քշելու համար։ Վերջիվերջո, Ամանորին կարող եք պարել։

Այսպիսի ժամանցը միանշանակ ավելի օգտակար է օրգանիզմի համար, քան առատ սեղանի կողքին հեռուստացույցի առաջ նստելը։

Ավելի քիչ սպիրտային և գազավորված ըմպելիքներ օգտագործեք

Ալկոհոլն ու գազավորված ըմպելիքները տոների անփոխարինելի ուղեկիցներն են։ Սակայն դրանք կարող են զգալի քանակությամբ շաքար և դատարկ կալորիաներ ավելացնել ձեր օրական չափաբաժնին, ինչը կհանգեցնի քաշի ավելացման։ Բացի այդ, չարժե մոռանալ, որ թունդ խմիչքները ախորժակ են բացում։

Եթե որոշել եք ալկոհոլ օգտագործել, այն պետք է պարտադիր խմել կուշտ ժամանակ։ Թույլատրելի է մեկ չափաբաժին․ մի բաժակ շամպայն, մի գավաթ գարեջուր կամ մի փոքրիկ գավաթ ավելի թունդ ալկոհոլ։ Ոչ մի դեպքում չի կարելի խառնել տարբեր սպիրտային խմիչքները։