Ինչպես վերականգնել կազմվածքը տոներից հետո

Ամանորյա տոները և դրանց ուղեկցող առատ խնջույքները կարող են երկար ժամանակ հիշեցնել իրենց մասին ավելորդ կիլոգրամներով և գոտկատեղի լրացուցիչ ծալքերով: Եվ այսպես, շատերը, որոնք չեն սահմանափակել սննդի և ալկոհոլի օգտագործումը, այժմ տենդագին փորձում են իրենց կազմվածքը կարգի բերել, որպես կանոն, քաղցած մնալու միջոցով: Մինչդեռ գերմանացի փորձագետների կարծիքով՝ դա սխալ է, գրում է dw.com-ը։

Ինչպես լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշում է Բոննում սննդի դաշնային կենտրոնի (BZfE) դիետոլոգիայի մասնագետ Նադիա Ռյովեը, մարդկանց արդեն ձանձրացրել են ցածր կալորիականությամբ, ցածր ածխաջրածնային և այլ կոշտ դիետաները: Բացի այդ, նման բեռնաթափման օրերից, նույնիսկ շաբաթներից հետո, շատ հեշտ է կրկին ավելորդ կիլոգրամներ հավաքել, քանի որ օրգանիզմը կփորձի լրացնել բաց թողածը։ Եվ սա այն պատճառներից մեկն է, թե ինչու են Գերմանիայում ավելի ու ավելի շատ փորձագետներ նախապատվությունը տալիս բոլորովին այլ մոտեցմանը։

Խոսքն, այսպես կոչված, «ինտուիտիվ սնունդի» մասին է. մարդը պետք է սովորի լսել սեփական օրգանիզմի ազդանշանները։ Ասել է թե՝ մեր մարմինն ինքն է հուշում, թե երբ և ինչ պետք է ուտենք՝ մեր ուղեղին ուղարկվող քաղցի, ախորժակի, հագեցվածության ազդանշանների միջոցով։ Դիետոլոգները խորհուրդ են տալիս լրջորեն վերաբերվել այդ հուշումներին։

Ընդ որում, ինչպես վաղուց նշում են մասնագետները, պետք է ուտել հանգիստ, դանդաղ ծամելով սնունդը և կենտրոնանալով յուրաքանչյուր կտորի վրա։ Մարդը, ով արագ է ուտում, ավելի շատ սնունդ է ուտում, քան իրականում պետք է, քանի որ հագեցվածության զգացումը ուշանում է:

Ինչպես ցույց են տվել հետազոտությունները, ինտուիտիվ սննդակարգի օգնությամբ քաշի կարգավորման մեթոդն ավելի արդյունավետ է, քան ուտելիքի սահմանափակումների, կալորիաների մանրակրկիտ հաշվարկի, մթերքները «վնասակար» և «օգտակար» բաժանելու մարտավարությունը: Ի դեպ, ըստ փորձագետնեի, ինտուիտիվ սննդակարգի ժամանակ «վնասակար» արտադրանք գոյություն չունի։ Նրանց կարծիքով, կարելի է ուտել գրեթե ամեն ինչ, բայց չափավոր։