Sony Pictures-ը երեք ամսով հետաձգել է Morbius-ի պրեմիերան, որտեղ գլխավոր դերակատարն է Ջարեդ Լետոն։ Այս մասին հայտնում է Deadline-ը։
Marvel Cinematic Universe-ի բլոկբաստերի թողարկումը նախատեսված է 2022 թվականի ապրիլի 1-ին։ Նախկինում նախատեսվում էր, որ ֆիլմը էկրան կբարձրանա հունվարի 28-ին:
Նախնական տվյալներով՝ պրեմիերայի հետաձգման պատճառը ստուդիական մեկ այլ նախագծի՝ սուպերհերոս «Սարդ մարդու» մասին պատմող նոր ֆիլմի գրանցած հաջողություններն են. այն դարձել է նախորդ տարվա ամենաշատ եկամուտ հավաքած ֆիլմը։
Դանիել Էսպինոսայի «Մորիբուս» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Marvel Universe-ում, իսկ սյուժեի կենտրոնում արյան մահացու հիվանդությամբ տառապող կենսաքիմիկոս բժիշկ Մայքլ Մորբիուսն է։ Փորձելով գտնել հազվագյուտ հիվանդության բուժումը՝ հերոսը վերածվում է կենդանի վամպիրի։ Ֆիլմում նկարահանվել են նաև Մայքլ Քիթոնը, Մեթ Սմիթը, Ադրիա Արջոնան, Ջարեդ Հարիսը և այլ դերասաններ։