Ինչպես կարող է դեմքի յոգան «բոտեքսի» էֆեկտ տալ․ երիտասարդացնող վարժությունների հնգյակ

Տարեցտարի կանայք ավելի շատ են փորձում նոր մեթոդներով պահպանել իրենց գեղեցկությունը։ Եթե տարիներ առաջ Հայաստանում շատ քիչ կարելի էր հանդիպել կանանց, որոնք դիմում էին բոտուլիոնթերապիայի (բոտեքսի), ապա այսօր այն շատ տարածված է և 5-6 ամսով ազատում է միմիկայի կնճիռներից։

Իսկ մի՞թե չկա բնական ճանապարհ կնճիռների դեմ պայքարելու։ Մասնագիտները վստահեցնում են՝ կա ու արդյունքը չի ուշանա։

Դեմքի յոգան ոչ միայն արդյունավետ պայքարում է ծերության նշանների դեմ, այլև բարելավում է մաշկի որակը, ընդգծում դեմքի օվալը։

Sputnik Արմենիան ներկայացնում է 5 վարժություն, որոնք ամեն օր կիրառելու դեպքում կարելի է դեմքից ջնջել տարիների հետքը։

Լեզվի ձգումներ

Ինչի՞ համար է այն օգտակար։ Այս վարժությունն օգնում է ձգել, հարթեցնել աչքերի շուրջ գոյացող կնճիռները։

Կատարման տեխնիկան․ պետք է լայն բացել աչքերն ու նայել վերև։ Այնուհետև բացել բերանն ու հնարավորինս դուրս հանել լեզուն դեպի կզակը։ Այս դիրքում անհրաժեշտ է մնալ 10 վայրկյան, այնուհետև կրկնել վարժությունը ևս 10 անգամ։

Վարժություն «V»

Այս վարժությունն օգնում է պայքարել մաշկի ծերության նշանների դեմ ճակատի և աչքերի շուրջ, ինչպես նաև նվազեցնում է աչքերի տակ մուգ շրջանակներն ու այտուցները։

Կատարման տեխնիկան։ Պետք է ձգել երկու ձեռքերի ցուցամատներն ու միջնամատներն այնպես, որ ստանան լատինական «V»-ի տեսք։ Միջնամատերի բարձիկներով պետք է սեղմել հոնքերի ներքին ակնյունները, իսկ ցուցամատերի բարձիկներով՝ արտաքին անկյունները։ Նայել վերև, ապա ներքև այնպես, որ աշխատեն ստորին կոպերը։ Վարժությունը կրկնել վեց անգամ։

Վարժություն քթի համար

Ամրացնում է քթի ստորին հատվածը և կանխում քթի տարիքային կախվածությունը։

Կատարման տեխնիկան․ ցուցամատների ծայրերով երկու կողմից սեղմել քթանցքները, որից հետո թողնել մատերն ու փորձել քթանցները լարել և ավելի լայն բացել։ Եվս մի քանի անգամ ցուցամատների օգնությամբ կրկնել վարժությունը, հետո փորձել քթանցքները «կառավարել» առանց մատների օգնության։

Ձկան դեմք
Ինչի՞ համար է այն օգտակար։ Այս վարժությունը կրճատում է դիմախաղից առաջացող կնճիռները և բարելավում ստորին ծնոտի մաշկի վիճակը։

Կատարման տեխնիկան․ պետք է ներս քաշել այտերը, հավաքել շուրթերն այնպես, որ ստացվի «ձկան դեմք» և փորձել միարժամանակ ժպտալ։ Դեմքի մկանները 30 վայրկյան պահել լարվածության մեջ։ Կրկնել վարժությունը 10 անգամ։

Համբուրիր երկինքը

Այս վարժությունը օգնում է բարելավել ու ձգել պարանոցի մաշկն ու հարթեցնել կնճիռները։ Ամրացնում է նաև ծնոտի մկանները։

Կատարման տեխնիկան․ գլուխը հետ տանել՝ պարանոցը բարձրացնելով վերև։ Շուրթերը ձգել այնպես, այսես համբույր եք ուղարկում երկնքին։ Կրկնել վարժությունը 8-10 անգամ։

Ընդամենը մեկ ամիս հետո կարելի է տեսանելի արդյունքի հասնել, եթե ամեն օր այս վարժությունների հնգյակը կատարեք։ Այն ձեզնից կխլի ընդամենը 15-20 րոպե։