Ինչպե՞ս ձևավորել ոչ հարուստ, բայց հետաքրքիր ու նորաոճ զգեստապահարան. խորհուրդներ ոճաբանից

Photo taken in Paris, France

Մեր օրերում ոճային հագնվելու համար պարտադիր չէ մեծ գումարներ ծախսել հագուստի վրա։ Թանկ հագուստը միշտ չէ, որ երաշխավորում է ձեր ոճային տեսքն ու ընդգծում ձեր առանձնահատկությունները։

Բոլորն էլ ձգտում են երևալ ոճային, խնամված, ցանկալի, սակայն շատ հաճախ էլ չգիտակցելով, թույլ են տալիս այնպիսի սխալներ, որոնք աններելի են նորաձևության մեջ: Աղջիկները հաճախ են բողոքում, որ ոչինչ չունեն հագնելու: Մեծ հաշվով, դա լինում է ոչ թե հագուստի բացակայության, այլ բավարար իմացություն չունենալու պատճառով, թե օրինակ ինչպե՞ս ձևավորել ոչ հարուստ, բայց հետաքրքիր ու նորաոճ զգեստապահարան:

Ոճաբան Արմեն Գալյանը  «Արմենպրես»-ի հետ զրույցում ներկայացնում է ոճի և հագնվելու իր տարբերակը. «Ազատ լինելով և սեփական ցանկությունները ռեալիզացնելով՝  մի կողմից մենք ստեղծում ենք մեր սեփական ոճը, իսկ մյուս կողմից թույլ ենք տալիս, որպեսզի նորաձևությունը առաջ շարժվի»:

-Ո՞րն  է  2022 թվականի գունապնակը և ի՞նչ գունային համադրություններն են այս տարի համարվում նորաձև:

-Խոսենք աշուն-ձմեռ հավաքածուների մասին.  գլխավոր գույնը, որը երկար ժամանակ չի եղել ու հիմա ամենակտիվն է, շագանակագույնն է: Ընդ որում, այն շատ պրոբլեմատիկ գույն է և տարիք է հաղորդում կրողին, բայց հիմա այն ունի ժամանակակից տեսք: Պետք է նշեմ, որ չեմ հիշում վերջին անգամ այս գույնը այսքան նորաձև երբ է եղել:  Բացի դրանից, ակտուալ է բեժ գամման: Այս տարի շատ ակտիվ է նարնջագույնը՝ որպես վառ գույն, ակտուալ է մնում կանաչը՝ որպես աշնանային սեզոնի գույն, պարզապես մի փոքր ավելի մուգ երանգը: Իրականում սխալ է մոխրագույնը որևէ սեզոնի համար նշել, բայց մոխրագույնը այս պահին շատ ակտիվ է:  Մոխրագույնը միշտ ակտուալ է, բայց հիմա մոխրագույնի բոլոր երանգները իրար հետ են համադրում, և դա ոճային է:

Ինչո՞վ առաջնորդվել, որպեսզի լինել և՛ ոճային,  և՛ զգալ հարմարավետ:

-Իրականում ասեմ, որ  այժմյան նորաձևությունը այնքան հարմարավետ է, ինչքան երբևէ չի եղել: Դրան նպաստել է նաև պանդեմիան. մարդիկ փակվեցին տանը և սկսեցին հագնել սպորտային հագուստ: Այժմ,  չհրաժարվելով հարմարավետությունից, այդ նույն հագուստով դուրս եկան: Չեմ կարող ասել,  որ սա ինձ շատ է դուր գալիս: Սա հաստատ այն թրենդներից է, որ տարիներ հետո, երբ հետ նայենք, թվալու է տարօրինակ, բայց այսօրվա նորաձևությունը իսկապես շատ հարմարավետ է, և դա մարդկանց համար գլխավոր պայմաններից է հագուստ գնելիս: Այսինքն՝ մարդիկ առաջին հերթին ուշադրություն են դարձնում հենց հարմարավետությանը:

Այսօրվա նորաձևությունը թույլ է տալիս, որպեսզի ցանկացած իրավիճակում դու հագնվես հարմարավետ: Հարմարավետությունը դարձել է գլխավոր գործոնը: Այն իրավիճակներում,  երբ  սպորտային հագուստը կամ սպորտային տարր ունեցող հագուստը համարվում էր անթույլատրելի և անընդունելի, այժմ հակառակն է: Այնպես որ, ժամանակը  թելադրում է հարմարավետություն: Ես կարծում եմ, որ շատ դժվար է լինելու այս ամենից դուրս գալ, այսինքն՝ մի քանի տարի անց, երբ այս միտումը կանցնի, շատ ավելի դժվար կլինի կրել ոչ այնքան հարմարավետ հագուստ:

Կնշե՞ք առաջնային կանոնը, որով պետք է առաջնորդվել հագուստ ընտրելիս:

-Կասեմ, որ  եթե մարդը նույնիսկ գիտակցում է, որ հագուստը իրեն չի սազում, բայց նա դա ուզում է կրել, ուրեմն թող կրի: Ես կարծում եմ, որ նորաձևությունը հիմա շատ ազատ է, և ամեն մարդ անում է այն ամենը ինչ իրեն դուր է գալիս: Բայց որպես խորհուրդ ասեմ, որ պետք է ուշադրություն դարձնել, իհարկե, կազմվածքին,  քո ցանկություններին ու հասկանալ քեզ ինչի՞ մեջ ես լավ զգում, ի՞նչն է քեզ հաճույք պատճառում, երբ դու կրում ես այդ հագուստը:

Որպես մասնագետ խնդրում եմ նշել, թե՞ որոնք են մեր հասարակությունում տարածված սխալները հագուստի ընտրության կամ համադրության հարցում:

-Ես իրականում գտնում եմ, որ չկա ճիշտ ու սխալ, ում ինչպես դուր է գալիս պետք է հագնվի այդպես, որովհետև դրա մեջ կա ցանկացած մարդու Ես-ը: Նորաձությունը հենց դա է: Մենք պետք է լինենք այնքան բաց ու ազատ, որպեսզի չկենտրոնանանք ու չքննադատենք ոչ մեկի հագածը: Եվ ավելացնեմ այն տեսակետը, որ նորաձևությունը առաջ է շարժվում նրանով, որպեսզի հերքի այն կանոնները, որոնք կան: Օրինակ՝ մինչև 90-ականները համարվում էր, որ կապույտն ու սևը իրար հետ  հագնել չի կարելի, հետո հասկացան, որ դա կարող է լինել գեղեցիկ: Կամ վերջին օրինակներից ասեմ. նկատած կլինեք վերջին տարիներին շատ նորաձև է դարձել բաց կոշիկները՝սանդալները հագնել գուլպաներով, բայց սա ամենավառ տաբուն էր, որ դրված էր և համարվում էր ամենավատ համադրությունը: Բայց ոճաբանները ինչ-որ կերպ սթայլափ արեցին և մատուցեցին այնպես, որ հիմա այն համարվում է սուպեր թրենդ: Բայց նշեմ, որ շատ մարդիկ այն էլի չեն կարողանում  ճիշտ մատուցել: Ամենավառ օրինակը ասեմ. սպիտակ գուլպաները և սև սանդալները  ամենավատ համադրությունն էր, որ կարող էր լինել: Բայց հիմա, երբ նայում ես Միլանի սթրիթ սթայլը՝ Fashion Week-ի ամենավառ դեմքերի մոտ կտեսնես հենց այդ համադրությունը: Կամ տեսնում ես բաց կոշիկներով աղջիկ, որը կրում է փայլուն գուլպա: Սա կարելի է ասել օրենքի խախտում է, բայց նորաձևությունը առաջ է գնում նրանով, որ խախտում է այդ օրենքը:

Ի՞նչ է բազային  պահարանը և ո՞րն է այն հավաքելու առավելությունները:

-Նախ նշեմ, որ բազային պահարանը շատ կարևոր է, քանի որ կան մի շարք իրեր, որոնք ցանկացած ժամանակակից մարդու զգեստապահարանում եթե ոչ պարտադիր, ապա շատ ցանկալի են: Դրանք հանդիսանում են ֆոն նրա համար, որպեսզի դուք կարողանաք համադրել շատ նորաձև իրերի հետ: Ինչպես նաև դրանք ձեզ փրկում են ցանկացած իրավիճակում, երբ դուք չգիտեք, թե ինչ-որ մի բանի հետ ինչ կրեք: Բազային պահարանի պարունակությունը ժամանակ առ ժամանակ փոխվում է, բայց կարծում եմ՝ մենք կարող ենք թվարկել ինչ-որ իրեր, որոնք պետք են իսկապես բոլորիս: Օրինակ և՛ տղամարդկանց, և՛ կանանց  անհրաժեշտ են մոխրագույն տաբատ, սպիտակ կեդեր կամ բոթասի կլասիկ մոդելներ, սև կոշիկ, որևէ մուգ պիջակ: Կարծում եմ, որ կանանց զգեստապահարանում պարտադիր է սև զգեստը:  Բոլորիս պետք է մոխրագույն կամ բեժ վերարկու, սպիտակ վերնաշապիկ,  կլասիկ ճիշտ ջինս: Աղջիկների պարագայում պարտադիր են նաև բեժ գույնի բարձրակրունկ կոշիկները: