Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը Պետրոս Դուրյանի բանաստեղծության հիման վրա երգ է հրապարակել

Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազը բանաստեղծ Պետրոս Դուրյանի 170-ամյա հոբելյանի առթիվ նրա հանրահայտ «Տրտունջք» ստեղծագործության հիման վրա երգ է հրապարակել:

Երգի տեսահոլովակն արդեն Մարալ Այվազի YouTube-ի պաշտոնական ալիքում է:

«Տրտունջք» ստեղծագործությունը երգի է վերածել Նորայր Տէմիրճին:

Երգչուհին այն ձոնում է բոլոր նրանց, ովքեր զոհել են իրենց կյանքը՝ կատարելով զինվորական պարտականությունը: «Տրտունջք» ստեղծագործությունը վաղամեռիկ բանաստեղծի՝ Պետրոս Դուրյանի ամենանշանավոր գործերից է, որի յուրաքանչյուր տող արտահայտում է հեղինակի անհուն հառաչանքը: Այն Դուրյանի հրաժեշտի խոսքն է, որով նա թշվառ հոգիների անլսելի, ողբալի ձայնը լսելի է դարձնում բանաստեղծական տպավորիչ մեկնաբանություններով: