Սկսվել է Վենետիկի 76-րդ կինոափառատոնը։ Բացման արարողությանը փայլել են համաշխարհային կինոյի աստղեր՝ ընթացքում քննարկելով նաև հագեցած ծրագրի մանրամասները։ Մասնակից ֆիլմերի ցանկանում ակնհայտորեն ներառված են «Օսկար» մրցանակի ապագա հավակնորդները։ Առաջինն իր աշխատանքը կցուցադրի ճապոնացի ռեժիսոր Հիրոկաձու Կորեդան։ Նրա «Ճշմարտություն» ֆիլմն այսօր ներկայացնում են Քեթրին Դենևը եւ Ժյուլյետ Բինոշը, ովքեր ֆիլմում խաղացել են գլխավոր դերերը։ Տասն օրվա ընթացքում Կարմիր գորգին կհայտնվեն նաև Բրեդ Փիթը, Մերիլ Սթրիփը, Ջոնի Դեփը, Միք Ջագերը, Քրիստեն Ստյուարտը, Ջուդ Լոուն, Շերոն Սթոունը և համաշխարհային մեծության այլ աստղեր։
Մրցութային ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ 21 ֆիլմ կցուցադրվի, այդ թվում Ռոման Պոլանսկու ֆիլմը։ Նրա ֆիլմի մասնակցությունն առաջացրել է հանրության դժգոհության ալիքը, քանի որ ժամանակին ռեժիսորին մեղադրել են անչափահասի բռնաբարության մեջ։ Փառատոնը քննադատության է ենթարկվել նաև կին ռեժիսորների նկատմամբ ոչ բավարար ուշադրության պատճառով։ «Ոսկե առյուծ»-ի համար կպայքարի ընդամենը երկու կին, ինչը միայն մեկով է ավել նախորդ տարվանից։ Անկախ չհանդարտվող վեճերից՝ բացման արարողությունը կայացել է և Կարմիր գորգին համախմբել մոդելային ու կինոյի աշխարհի աստղերին։