Ես 15 տարեկան էի, Սիրուշոն` 14, սենյակի ամենափոքրերն էինք. Լևոն Քոչարյանը` Սիրուշոյի հետ առաջին հանդիպման մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, Instagram-ի իր էջում գրառում է արել ու վերհիշել կնոջ` երգչուհի Սիրուշոյի հետ առաջին հանդիպումն ու այդ հարցում կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանի դերակատարությունը։

Քոչարյանը հրապարակել է իր և կնոջ լուսանկարը Սևանա լճի հյուրանոցներից մեկի ֆոնին։

«Սա Կապուտակ Սևանն է, ետևում նշված է այն սենյակը, որտեղ ամեն ամառ հանգստանում էր Արթուր Գրիգորյանը՝ իր շուրջ համախմբելով մի խումբ տաղանդավոր երգիչների, ստեղծագործողների… Ամեն երեկո նրանք բոլորը հավաքվում էին Գրիգորիչի սենյակում և միասին խաղեր խաղում, զրուցում… Ես ևս առիթ ունեցա մի քանի անգամ եղբորս հետ լինել այդ սենյակում ու հենց այդտեղ ծանոթացանք Սիրուշոյի հետ: Ես 15 տարեկան էի, Սիրուշոն` 14, սենյակի ամենափոքրերն էինք. Գրիգորիչի պատշգամբում զրուցում էինք ու փորձում իրար ճանաչել»,- գրել է Լևոնը:

Նա շնորհակալություն է հայտնել հանգուցյալ կոմպոզիտորին, որ 2001 թվականի ամռանն իրենց հյուրընկալել է, ինչի շնորհիվ էլ սկիզբ է դրել իր ընտանիքի ստեղծմանը։

«Հիմա մեր երեխաներին ենք ցույց տալիս այդ պատշգամբը և նրանց ենք պատմելու, թե ինչ մեծ տաղանդ էր այդտեղ բնակվում, ով իր ահռելի մեծ ավանդն ունի հայ մշակույթի մեջ»,- գրել է Լևոնը:

Նշենք, որ ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանի երգի պետական թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Արթուր Գրիգորյանը մահացել է փետրվարի 4-ին 63 տարեկանում, պատճառը քաղցկեղն էր։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Levon Kocharyan (@levonkocharyan_)