«Մատների վրա կարելի է հաշվել՝ նրանցից քանիսն են հետաքրքրվում՝ ինչպես է Արմանը»․ Անահիտը՝ Հայկոյի ընկերների, որդուն միայնակ մեծացնելու բարդության, ֆինանսական օգնություն չունենալու մասին

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել։ Անահիտին ուղղված հարցերից շատերը Հայկոյի և նրանց որդու՝ Արմանի մասին են։ Tert.am Life-ն առանձնացրել է այդ հարցերից ամենաքննարկվողները։

Հարցին, թե ինչպես է Անահիտն օգնում Արմանին, երբ տղան շատ է կարոտում Հայկոյին, երգչուհին պատասխանել է․ «Գնում եք գերեզման, զրուցում նրա հետ։ Այլևս ոչնչով օգնել չեմ կարող»։

Անահիտը նշել է, որ շատ բարդ է որդու հետ միայնակ։ «Արմանն անցումային տարիքում է․ սկսվել են տրամադրության տատանումներ, էմոցիաների պոռթկումներ, կամակորություններ և այլն։ Շատ է պակասում տղամարդկային (հայրական) աջակցությունը, խորհուրդն ու ուշադրությունը: Երբեմն, մինչև արցունքներ, բայց հասկանալով, թե ինչ ցավ է նա ապրել, ես փորձում եմ լինել հասկացող մայր։ Հետո ավելի բարդ կլինի, սակայն Աստված մեզ կօգնի»,- գրել է Անահիտը։

Հետևորդները նաև հետաքրքրվել են՝ արդյոք Արմանը շփվում է Հայկոյի ընկերների հետ․ «Ես երբեք չեմ սահմանափակել Արմանի շփումները։ Այստեղ հարցն այլ է։ Տեղի ունեցածից հետո՝ առաջին օրերին, շատերն իրավիճակից օգտվում էին հասարակությանը ցույց տալու համար։ Իսկ հիմա ալիքը մարել է, դրա հետ մարել են նաև զանգերը, կարելի է ասել, առհասարակ։ Մատների վրա կարելի է հաշվել՝ նրանցից քանիսն են հետաքրքրվում՝ ինչպես է Արմանը։ Սակայն մենք ոչ ոքի զանգի և  շփման կարիքը չունենք։ Թող նրանք առողջ լինեն»։

Անահիտը նաև առանձին հրապարակում է արել Արմանի ծախսերն ինքնուրույն հոգալու մասին։ «Շատ են հարցերը՝ արդյոք ինչ–որ մեկն օգնում է մեզ։ Այստեղ պատասխանեմ։ Ոչ, մեզ ոչ ոք չի օգնում։ Արմանի ծախսերն ամբողջությամբ ինձ վրա են։ Բավական են այդ հարցերը։ Որևէ մեկը մեզ որևէ բան պարտք չէ։ Իմ երեխային պետք է պահեմ ես»,- գրել է նա։

Ինչ վերաբերում է հարցին՝ Արմանը շփվո՞ւմ է տատիկի և հորեղբոր հետ՝ Անահիտը պատասխանել է․ «Իհարկե շփվում է և միշտ շփվելու է»։ Նա նաև նշել է, որ իր հարաբերութուններն էլ նրանց հետ շատ ջերմ են։

Երգչուհին նաև նշել է, որ երբ ինքը տանը չէ, որդու խնամքով զբաղվում է իր մորաքույրը, որին Արմանը շատ է սիրում։