Հաղորդավար-ամուսիններ Լիլիթ Մուրադյանի և Վահե Խանամիրյանի որդին օրերս դարձել է մեկ տարեկան։ Հաղորդավարուհին սոցցանցերի իր էջերում գրառում է կատարել և կիսվել օրվա լուսանկարներով։
«Երեկ գարնան առաջին օրն էր, մեկ տարի առաջ նույն օրը ծնվեց մեր տղան։ Դժվար օր էր, հիշում եմ, խոշոր փաթիլներով ձյուն էր գալիս, իմ ներսում ուրախությունն ու տխրությունը բախվել էին իրար, դա իմ «մեր» կյանքի ամենատխուր գարունն էր։ Մեր մարդուկի ծնվելը մեզ մի քիչ ուժ տվեց, ստիպեց ժպտալ, հավատալ ու ապրել։ Ես ու մեր ընտանիքը երջանիկ ենք, բայց մենք երբեք չենք մոռանա, չենք համակերպվի ու չենք ների, որ հազարավոր ընտանիքներում գարունը չեկավ և դեռ կա երեխա, ով սպասում է հորը, կա մայր, ում լացի ձայնը դեռ լսվում է։
Իմ տղա, դու հայ ես ծնվել, հայ լինելը հեշտ բան չէ։ Հայ լինելը պատիվ է, հայ լինելն անվերջանալի պայքար է, լինել հայ, նշանակում է Աստծուն մոտ լինել։ Մենք քեզ կտանք անսահման սեր, մենք քեզ կտանք ուժ, ու ամենակարևորը՝ մենք կտանք քեզ հայրենիք, որ սիրես ու ամուր կանգնես այս հողի վրա»,- գրել է Լիլիթ Մուրադյանը։