Մարտի 7-ին Երևանում մեծ էկրան բարձրացավ հայ-կիպրական համատեղ արտադրության «Վերադարձ» ֆիլմը՝ նկարահանված իրական պատմությունների հիման վրա։ «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցած ֆիլմի պրեմիերային ներկա էր նաև ShowBiz.am-ը և ներկայացնում է երեկոյի հետաքրքիր մանրամասներն ու ուշագրավ կադրերը։
Ֆիլմի սցենարի հեղինակը Հարություն Ղուկասյանն է, ռեժիսորը՝ Արման Գևորգյանը, գլխավոր պրոդյուսերը՝ Ալեքս Լիտմանը։ Ֆիլմի երաժշտության հեղիանակը Յուրի Մելիքովն է, ով նաև մարմնավորել է գլխավոր հերոսին։
Ֆիլմում նկարահանվել են նաև Սարգիս Գրիգորյանը, Դիանա Մալենկոն, Ալեքսանդր Խաչատրյանը, Լուիզա Ղամբարյանը, Արսեն Լևոնյանը, Անահիտ Կիրակոսյանը և այլք։
«Ֆիլմում ունենք երկու պատմություն, որոնք ընթանում են զուգահեռ և որոնք մասամբ իրական են, իհարկե, գեղարվեստական մոտեցմամբ»,- նշում է ֆիլմի ռեժիսորը։
Առաջին պատմությունը ներկայացնում է հայրենիքից հեռու ապրող հայ երիտասարդի պատմությունը, որին սերը դեպի հայրենիք և սիրած աղջիկը ստիպում են գնալ անձնազոհության և կյանքը վտանգելով՝ իսլամական ահաբեկիչների գերությունից փրկել սիրիահայ ընտանիքի։
«Մի պատմությունը ժանրային առումով մելոդրամա է երիտասարդ զույգերի մասին, որոնք հանդիպում են Երևանում։ Երկուսն էլ Հայաստանից չեն, բայց հայ են, և իրենց մեջ սկսվում է սիրային պատմություն։ Երկրորդ պատմությունը սիրիաբնակ ընտանիքի մասին է, որը կռվի պատճառով ստիպված է լինում փախչել Հայաստան, բայց մասնակի է հասնում։ Եվ ամբողջ ֆիլմի ընթացքում կինոդիտողը հետևելու է, թե այդ ընտանիքն ինչ փորձությունների միջով է անցնելու և ինչ ճակատագիր է ունենալու»,- մանրամասնում է Արման Գևորգյանը։
Առաջին պատմության հերոսը կիպրոսաբնակ երաժիշտ Յուրի Մելիքովն է, որը ֆիլմում մարմնավորում է ինքն իրեն։ 24-ամյա Յուրին ծառայել է Կիպրոսի զինված ուժերում, եղել առաջնագծում։ Մինչ ծառայության անցնելը հերոսը հասցրել է նաև մասնակցել հունական «Ձայնը» նախագծին՝ հասնելով մինչև եզրափակիչ։
«Այս ֆիլմում ես մարմնավորում եմ ինձ։ Սա իմ դեբյուտային դերն է, առաջին անգամ եմ մտնում այդ աշխարհ, բայց կարծում եմ, որ երաժշտի, կոմպոզիտորի գործն ու դերասանի մասնագիտությունն այնքան էլ հեռու չեն իրարից»,- նշում է Յուրին։
Երգիչը ծնվել է Գերմանիայում, հետո ընտանիքով տեղափոխվել են Կիպրոս։ Հայաստանում երբեք չի ապրել, բայց հայրենիքի հետ կապ միշտ ունեցել է։
Նկարահանումներ տեղի են ունեցել նաև Կիպրոսում, զինվորական հատվածի նկարահանումները իրականցվել է Կիպրոսի ԶՈւ-ի հետ համատեղ և նրանց օգանդակությամբ։
«Մեկ շաբաթ առաջ, երբ ես այստեղ ներկայացնում էի «Գարուն ա» ֆիլմը, նշեցի, որ այն բացառիկ է իր բնույթով, սա էլ է բացառիկ։ Բացառիկ է նրանով, որ բոլոր հերոսները սփյուռքահայեր են, մենք այսպիսի ֆիլմ չենք ունեցել։ Սա պատմություն է սփյուռք-հայրենիք կապի մասին, սա պատմություն է հայորդու մասին, որ ապրելով դրսում, կապը հայրենիքի հետ չի կորցրել։ Ճիշտն ասած, ի սկզբանե մեր Յուրին հայերեն երգ էր գրել, որոշել էինք սյուժե մտածել դրա համար, բայց երբ սկսեցինք քննարկել, հասկացանք, որ նյութն այնքան շատ է, որ սա ֆիլմ պետք է դառնա»,- մանրամասնում է Հարություն Ղուկասյանը։
Ֆիլմում Դիանա Մալենկոն մարնմնավորում է գլխավոր հերոսուհուն՝ Յուրիի սիրած աղջկան։ «Ես Մարիայի կերպարն եմ կերտել։ Իմ գիծը ևս ներառում է հայրենադարձության, սիրո թեման։ Եվ մի բան կա, որի հետ կարծում եմ՝ շատերը համաձայն կլինեն, այն է, որ կապ չունի՝ աշխարհի որ ծայրում ես ապրում, միևնույն է՝ քո «սիրտը լեռներում է»։ Ֆիլմը կարծում եմ՝ նաև սրա մասին է»,- նշում է Դիանան։
Ֆիլմի մյուս պատմությունը Սիրիայի ահաբեկչությունից փրկված ու Հայաստանում հաստատված մի ընտանիքի մասին է։
«Կարծում եմ՝ մեզ մոտ պակասում են նման ֆիլմերը։ Ֆիլմերում ուղղակի թեթևության, ուղղակի սիրո պակաս ունենք։ Շատ չեմ ցանկանում խորանալ, բայց իրականում այսպիսի ֆիլմեր հարկավոր են մեզ, որ գանք, դիտենք և ուրախ, թեթևացած վերադառնանք տուն։ Իսկ ինչ վերաբերում է իմ կերպարին, նշեմ, որ բարդ նկարահանումներ էին ինձ համար, քանի որ շատ մեծ էմոցիաներ փոխանցող և բազմաթիվ դժվարությունների միջով անցնող կերպարի եմ մարմնավորել»,- պատմում է դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը։
Սյուժետային գծերն անսպասելիորեն հատվում են Կիպրոս-Սիրիա-Հայստան ճանապարհին։
«Վերադարձ» ֆիլմն արդեն ցուցադրվում է երևանյան կինոթատրոններում։
Նյութը՝ Լուս Ավագյանի