2022 թվականի «Օսկար»-ի մրցանակաբաշխության ժամանակ դերասան Ուիլ Սմիթի ապտակի տեսագրությունը YouTube-ում դիտումների ռեկորդ է սահմանել։
Տեսանյութը տեղադրվելուց հետո մեկ օրում դիտվել է ավելի քան 50 միլիոն անգամ։ Դիտումների նախորդ ռեկորդակիրը, ինչպես հիշեցնում է The Sun-ը, վիդեոբլոգեր MrBeast-ի տեսահոլովակն էր, որը հրապարակվել էր 2021 թվականի նոյեմբերին և 24 ժամվա ընթացքում դիտվել 43 միլիոն անգամ։
Հիշեցնենք, որ դերասաններ Ուիլ Սմիթը և Քրիս Ռոքը վիճաբանել էին «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ, երբ Ռոքը բեմ էր բարձրացել հայտարարելու «Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում հաղթողին:
Իր ելույթի ժամանակ Ռոքը կատակել է Ուիլ Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ-Սմիթի «զարմանալի, շատ կարճ մազերի» մասին, որը նրան հիշեցրել է «Զինվոր Ջեյն» ֆիլմը։ Ջադա Սմիթը նախկինում խոստովանել է, որ տառապում է ալոպեցիայից՝ աուտոիմուն հիվանդությամբ, որը հանգեցնում է մազաթափության։ Սմիթը սկզբում զուսպ ծիծաղել է, իսկ հետո բարձրացել է բեմ ու բռունցքով հարվածել Ռոքի դեմքին։ Այդ պահին հեռարձակումն անջատվել է։