«Կայարան», «Պատվից առավել» հեռուստասերիալներից և «Առնետաորս» 18+ ներկայացումից հայտնի դերասանուհի Ցողիկ Մարտիրոսյանի կյանքում շատ հետաքրքիր շրջան է սկսվում՝ նոր ներկայացումներ ու նոր հետաքրքիր դերեր:
Իսկ հեռուստատեսությամբ փոքրիկ նախագծեր են շուտով լինելու նրա մասնակցությամբ:
ShowBiz.am կայքի հետ զրույցում Ցողիկը կիսվում է իր մանկության երազանքներով, որոնք բարեբախտաբար, այսօր արդեն կատարվել են: Դերասանուհին խոստովանում է՝որքան դժվար են տրվել նրան որոշ դերեր և ինչ փորձություններ է նա հաղթահարել այդ դժվարոթյուններից պատվով դուրս գալու համար:
«Դեռևս 14 տարեկանից հաճախել եմ Արմեն Սանթրոսյանի թատերական խմբակը, ու հենց այնտեղ սիրահարվել եմ բեմին, թատրոնին և դերասանական արվեստին: «Կայարան» հեռուստասերիալն առաջին լուրջ նախագիծն էր իմ կյանքում, որտեղ փորձ ձեռք բերեցի և ընդունվեցի Պատանի հանդիսատեսի թատրոն:
Դիտելով Պատանի հանդիսատեսի թատրոնի ներկայացումները՝ ցանկանում էի հենց այդ դերասանների հետ բեմ բարձրանալ և հիմա շատ երջանիկ եմ, որ իմ երազանքը կատարվել է: Ճակատագիր է»,- պատմում է Ցողիկը:
Հայկական սերիալներն այսօր այդքան էլ բարձր վարկանիշ չունեն. Դրա պատճառը անուսում դերասաններն են կամ էլ համալսարանական թերի կրթությունը: Դերասանուհու պնդմամբ՝ աշխատելուց առաջ պետք է նախ բավարար ուսում ու գիտելիքներ ստանալ:
«Ուսման ընթացքում ստանում էի սերիալներում նկարահանվելու առաջարկներ, մերժում էի՝ մտածելով, որ պետք է նախ սովորեմ, բայց զուգահեռ խաղում էի Համազգային թատրոնի ներկայացումներում:
Ցանկանում եմ, որ հեռուստասերիալների անձնակազմը ձգտի պրոֆեսիոնալիզմի, որպեսզի ունենանք լավ հեռուստասերիալ և շատ հանդիսատես»:
Ցողիկը նաև խոսում է թատրոնի կարևորութան մասին՝ նշելով, որ վերջերս երիտասարդության մոտ դրա պահանջարկը մեծացել է:
«Կարծում եմ, որ պետք է հաճախել թատրոն: Շատ ոգևորված եմ, որ երիտասարդները հաճախում են ներկայացումներին: Պետք է նայելով երիտասարդներին՝ հասկանալ՝ ինչ են նրանք ցանկանում: Ստանալով դա՝ նրանք ավելի ակտիվ կսկսեն գալ ներկայացումներին»,- նշում է դերասանուհին:
Ցողիկը կարծում է, որ ամեն արվեստագետ պետք է իր գործով տարբերվի: Իր կուռքերից խոսելիս նա նշում է Լարս ֆոն Թրիեր, Պեդրո Ալմադովարի ֆիլմերը և իր սիրելի դերասաններին ՝ Ալ Պաչինո, Նատալի Պորթման, Ջոնի Դեփ: Դերասանուհին նաև կարծում է, որ ոչ պրոֆեսիոնալ դերասանը կարող է փչացնել յուրաքանչյուր ֆիլմ և ցավում է, որ ոլորտը ծփում է չդերասաններով:
«Ինձ համար շատ ցավալի է, որ չդերասաններն ավելի շատ են երևում էկրաններին ու ավելի հայտնի են դառնում, քան պրոֆեսիոնալները, ովքեր ունեն կրթություն ու փորձ: Ցավալի է: Ժամանակի ընթացքում ամեն բան կընկնի իր տեղը: Պրոֆեսիոնալ դերասանը չի սպառվի մեկ կամ մի քանի կերպարներում, իսկ չդերասանը ժամանակի ընթացքում սպառվում ու անհետանում է»,- ասում է Ցողիկը:
Չնայած որ Ցողիկն արդեն ունի բավարար փորձ և բազմաթիվ երկրպագուներ, «Առնետաորս» 18+ ներկայացումը շատ բարդ փորձություն էր նրա համար, բայց դերասանուհին կարողացավ հաղթահարել այն՝ ձեռք բերելով նոր փորձ ու վարպետություն:
«Բավականին համարձակ քայլ էր, որն օգնեց այս մասնագիտության մեջ ավելի պինդ կանգնել ոտքերի վրա:
Ես, դերասան Վահան Միրաքյանը և ներկայացման բեմադրիչ Նարեկ Մանուչարյանը դրել էինք մեր առջև խնդիր, որը կարողացանք հաղթահարել: Եթե չլինեին մեր թատրոնի դերասանները, գեղարվեստական ղեկավարը, տնօրենը, մենք չէինք կարողանա այդ քայլը կատարել:
Շատ բարդ ներկայացում էր, շատ բարդ կերպարներով և շատ ռիսկային էր բոլորիս կողմից, որովհետև տղամարդու և կանանց հավաքական ու ծանր կերպարների մեջ ամբողջականացված էր երկու սեռերի բոլոր խնդիրները:
Վարագույրները բացվելուց առաջ ես ցանկանում էի փախչել բեմից, երկուսս էլ ցանկանում էինք, որ վարագույրները չբացվեն, որովհետև այս երկու կերպարներն ահավոր էին: Ես վախենում էի, որովհետև այս կերպարի համար շատ հասուն պետք է լինել:
Անդադար մտածում էի՝ հանկարծ չտապալվել ու չտապալվեցի, հաղթեցի»,- խոստովանում է Ցողիկը:
Ներկայացումը մեծ բում բարձրացրեց հասարակության շրջանում: Հայկական մենթալիտետը միշտ չէ, որ հավանություն է տալիս արվեստի բնագավառում նման համարձակ ու ռիսկային փորձերին: Սակայն Ցողիկը չի պատրաստվում այդ մենթալիտետին զոհ գնալ:
«Բաց տեսարանները արվեստում շատ ավելի հետաքրքիր են , պարզապես, պետք է ճիշտ ներկայացնել, ոչ թե գռեհիկ: Արվեստում ամեն բան պետք է լինի էսթետիկ ու արդարացված: Հայկական մտածելակերպը մեկ-մեկ ինձ նյարդայնացնում է, որովհետև արվեստը չունի սահմաններ: Մարդը կարող է լինել բարոյական կյանքում, բայց դա չպետք է առնչվի արվեստին: Մենք՝ արվեստագետներս անբորայականություն չենք անում, արվեստը մնում է արվեստ:
Հույս ունեմ կփոխվի ժամանակի ընթացքում այդ մտածելակերպը»
Իր խոսքը դերասանուհին եզրափակում է դրական կանխատեսումներով՝ համոզված լինելով, որ ոլորտի բոլոր թերություններն օրերից մի օր կանհետանան և ամեն բան կկարգավորվի:
Իսկ ինքը խոստովանում է, որ իրեն գալիք մի քանի ամիսներին սպասվում է բարդ շրջան և նա շարունակելու է քրտնաջան աշխատել ու կատարելագործվել:
Նյութը՝ Տաթևեր Լազարյանի