«Վիշապ» առաջին սուպերհերոսական ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (ֆոտոշարք)

«Չարին հաղթող Վիշապ կա»․ Սուպերմեն, Բեթմեն, Սարդ-մարդ, այժմ մեր քաղաքը ևս հզոր պաշտպան ունի։ «Վիշապ» սուպերհերոսական գեղարվեստական ֆիլմն արդեն կինոթատրոններում է։

ShowBiz.am-ը ներկա է եղել ֆիլմի պրեմիերային, զրուցել գլխավոր դերակատարների, ֆիլմի ռեժիսորի և պրոդյուսերի հետ, ինչպես նաև ֆիքսել երեկոյի դիտարժան կադրերը։

Ֆիլմում նկարահանվել են Տիգրան Վարդանյանը, Վահագն Մարտիրոսյանը, Էլեն Գևորգյանը, Արեգ Գևորգյանը, Գեորգի Հովակիմյանը, Հայկ Սարգսյանը, Արման Ղազարյանը, Լիլի Մորտոն, Արամ Կարախանյանը, Թամարա Սահակյանը և այլք:

Ինչի՞ց սկսվեց ամեն բան․ այս հարցի պատասխանը փորձեց տալ ֆիլմի պրոդյուսեր Արման Միտոյանը։ «Այնպես չէ, որ հեծանիվ ենք հորինել։ Ամբողջ աշխարհում կա սուպերհերսների մասին ֆիլմ նկարահանելու ձևաչափը, և մտածեցինք, իսկ ինչու չունենանք նաև մենք։ Եվ Ռուբեն Ջաղինյանի մետ ծնվեց մտահղացումը, որից էլ փորձեցինք ստանալ ֆիլմը։ Նախագիծը դժվար և բարդ ճանապարհ անցավ 2020 թվականին, բայց ինչպես ասում են, մենք էլ սուպերհերոսաբար դրանք հաղթահարեցինք»,- մանրամասնում է Միտոյանը։

Պրոդյուսերը համոզված է՝ ֆիլմը սիրվելու է երեխաների և պատանիների կողմից, քանի որ առաջին քայլն է այս ձևաչափում․ «Իհարկե, դրսում նկարահանվող այդպիսի ֆիլմերի հետ չենք կարող համեմատել։ Բայց առաջին քայլն արված է, այնպես որ հաջորդներն է՛լ ավելի ստացված են լիենլու»։

Իսկ ինչո՞ւ Վիշապ։ «Հիմքում ընկած է հայկական լեգենդը։ Մենք փորձել ենք հայկականությունը մաքսիմալ կերպով պահել ֆիլմում, իսկ հայկական լենգենդներում քիչ տեղ չեն գրավում նաև վիշապաքարերը, որից էլ սկսվում է մեր պատմությունը»,- բացահայտում է Արման Միտոյանը։

Ֆիլմի պրոդյուսերը հույս հայտնեց, որ «Վիշապը» դիտելուց հետո երեխաները միայն դրականը կտանեն իրենց հետ․ «Մեր հերոսը ուսանող է, ով նաև աշխատում է, ունի ընկերներ, աղջիկ, ում համակրում է, այսինքն փորձել ենք մեր առօրյայից վերցնել միայն ամենաբարին ու դրականը»։

Դերասանական կազմն ընտրվել է ռեժիսորի՝ Գրիգոր Գասպարյանի կողմից։
«Մեր առջև մեծ խնդիր կար դրված, որ գլխավոր հերոսները չլինեն ճանաչված,  որպեսզի նրանք չասոցացվեն ոչ մի այլ կերպարի հետ։ Այնպես որ շեշտը դրվել է չճանաչված, երիտասարդ դերասանների վրա, բայց ինչպես բոլոր նախագծերում, այստեղ ևս կան արդեն սիրված և հայտնի դերասաններ»,- նշեց Միտոյանը։

Սուպերհերոսական ֆիլմերի հայկական առաջին փորձն է, փաստում է ֆիլմի բեմադրող ռեժիսոր Գրիգոր Գասպարյանը․ «Իհարկե, դեռ շատ պետք է սովորենք, կարելի է ասել, առաջին դասարանում ենք։ Այս ժանրի մեջ ոչ մի նոր բան չենք փորձել անել, քանի որ նոր է մեզ համար։ Բավականին բարդ ժանր է և նման նախագծերում գրաֆիկական աշխատանքների ծավալը և կասկադյորական աշխանաքները ահռելի շատ են։ Դրա համար ունեինք որոշակի սահմանափակումներ, և սա չենք կարող համեմատել ամերիկյան նախագծերի հետ, բայց առաջին փորձն արված է։ Կարծում եմ՝ երիտասարդների համար մեր հայկական սուպերհերոսին տեսնելը հաճելի անակնկալ կլինի և այն նոր էջ կբացի հայկական ֆիլմարտադրությունում»։

Գլխավոր դերասանները երիտասարդ են և անփորձ, ինչը ևս ռիսկային է։ «Սցենարով մեր դերասանները 18-20 տարեկան երիտասարդներ են, իսկ մենք այդ տարիքային խմբում ճանաչված շատ դերասաններ չունենք։ Բայց դա չի նշանակում, որ ֆիլմում չենք տեսնի նաև հայտնի դեմքերի։ Բոլորս գիտենք, որ ֆիլմի հաջողությունը կարող է պայմանավորված լինել նաև նրանով, թե հանդիսատեսը պատառներին ում դեմքն է տեսնում, բայց մենք գնացինք այդ ռիսկին և կարծում եմ, որ մեր այդ քայլն արդարացված էր»,- մանրամասնում է ռեժիսորը։

Ֆիլմում գլխավոր հերոսին՝ Վիշապին, մարմնավոր է Տիգրան Վարդանյանը։ «Ես դերասանական կրթություն չունեմ, բայց խաղացել եմ թատրոնում։ Ինձ թվում է, եթե ապագայում կրկին հնարավորություն ընձեռվի, էլի կմասնակցեմ նկարահանումների»։

Տիգրանը խոստովանում է՝ սուպերհերոսի համզգեստով նկարահանվելը բարդ էր՝ այն ծանր էր և անհարմար, ինչպես նաև չմոռանանք, որ սա Տիգրանի՝ ֆիլմերում նկարահանվելու առաջին փորձն էր․ «Իրականում ինչ-որ չափով բարդ էր ինձ համար նկարահնվելը, քանի որ դերասանական իմ առաջին փորձն էր։ Ինձ հետ կապվեց հենց Գրիշան և առաջարկեց մասնակցել քասթինգին։ Իրականում առաջարկը ստանալիս կոմիքսներին դեռ ծանոթ չէի, բայց հիմա, երբ նայում ենք արդյունքին և համեմատում կոմիքսի հետ, կարող ենք ասել, որ ամեն բան ստացված է»։

Գլխավոր հերոսուհու դերում ներկայացել է Էլեն Գևորգյանը․ «Ես 3 տարի աշխատել եմ Վանաձորի Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, ապա տեղափոխվել եմ Երևան, հիմա սովորում եմ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Միջմշակութային հաղորդակցություն ֆակուլտետում։ Զուգահեռ փորձում եմ մասնակցել այն ամենին, ինչը կապված է կինոյի և թատրոնի հետ։ Նկարահանվել եմ մի քանի գեղարվեստական ֆիլմում։ Ավարտեցի Սերժ Ավետիքյանի բացած դրամատիկական երգ-լեզու արվեստանոցը»։

Ըստ Էլենի՝ այս ֆիլմում շատ հետաքրքիր կերպով է հայտնվել․ «Ինձ գրեց Տաթև Կետիկյանը, և առաջարկեցին մասնակցել քասթինգին, բայց քանի որ քովիդի շրջան էր, ես չէի կարողանում գալ, մասնակցել։ Արդյունքում իրենք համաձայնեցին, որ ես վիդեոպրոբա անեմ, այդպես ինձ հավանեցին, ընտրեցին ու կանչեցին, բայց ես էլի չէի կարողանում գնալ։ Բայց վերջիվերջո ստացվեց գնալս, և ես ընտրվեցի գլխավոր հերոսուհու դերում»։

Էլենը խոստովանում է, որ երբեք չի սիրել Մարվելի, Դիսնեյի սուպերհերոսական ֆիլմերը․ «Բայց ամեն դեպքում մի քանիսը նայել եմ, սակայն երբեք չեմ պատկերացրել, որ մի օր ես էլ կհայտնվեմ նմանատիպ նախագծում»։

Թամարա Սահակյանը, ում սոցհարթակներում ակտիվ հայ հասրակությունը ճամաչում է՝ որպես ինստագրամյան բլոգեր և տիկտոկեր, ֆիլմում ներկայանում է գլխավոր հերոսուհու ընկերուհու կերպարով․ «Նախկինում նկարահանվելու փորձ ունեցել եմ միայն հայկական սերիալներից մեկում։ «Վիշապը» առաջին ֆիլմն է, որտեղ ես խաղացել եմ։ Ինձ գլխավոր դերի համար էին կանչել, բայց չստացվեց, սակայն այն, որ ես գեղարվեստական ֆիլմում եմ նկարահանվել, արդեն իսկ ինձ բավարար էր»։

Թամարան նաև բացահայտում է, որ առաջիկայում նոր հեռուստասերիալ է սպասվում, որտեղ ինքը կլինի գլխավոր դերում։ «Այնպես որ ինձ շատ է դուր գալիս այս ոլորտը, ինչքան էլ որ ես մասնագիտությամբ հագուստի մոդելավորող եմ։ Այս պահին սովորում եմ Դավիթ Հակոբյանի մոտ, դասընթացների եմ գնում, որպեսզի հետագա իմ դերում արդարացնեմ հեռուստադիտողի սպասումները»։

«Վիշապը» ցուցադրվելու է բոլոր կինոթատրոններում, կա նաև պայմանավորվածություն այն ցուցադրելու Սյունքի և Տավուշի սահմանամերձ, ինչպես նաև Արցախի բնակավայրերում՝ անվճար։

 

   

Նյութը՝ Լուս Ավագյանի
Լուսանկարները՝ Վահրամ Մելքումյանի