Ակրոբատ, կրկեսի արտիստուհի, պարուհի և արդեն երգչուհի Թինա Քեյը շուտով իր երկրպագուներին ուրախացնելու է նոր տեսահոլովակով, մի քանի երգերով և ողջ Հայաստանի տարածքում աննախադեպ պարային շոու-ծրագրով:
SHowBiz.am կայքի հետ զրույցում Թինան պատմում է, թե դեռ մանկուց ինչպես է քայլ առ քայլ կառուցել իր կարիերան, որքան դժվար է այդքան տարիների աշխատանքից հետո հիմա մնալ առանց կրկեսի և ինչպիսի քայլերի են դիմում արտիստները, որպեսզի «սովամահ չլինեն»:
Թինա Քեյը դեռ 3 տարեկան էր, երբ մայրիկն իրեն ու քույրիկին տարավ «Երազ» անսամբլ: Քանի որ ավագ եղբայրը դեմ էր, մեծ քույրիկը դադարեց հաճախել, իսկ Թինան գաղտնի էր գնում պարապմունքներին:
Ընդունվելով բալետի ուսումնարան՝ 13-ամյա Թինան հաճախ էր մասնակցում պարի մրցույթների, որոնցից մեկի ժամանակ էլ նրան նկատեց կրկեսի բալետմայստեր Տիգրան Տեր-Հովհաննիսյանը, ում հրավերով էլ գեղեցկուհին ընդունվեց կրկես, ու այդպես սկսվեց նրա կարիերան:
Թինան պատմում է, որ զուգահեռ զբաղվում էր նաև սպորտային մարմնամարզությամբ և օդային համարներ էր բեմադրում: Ուկրաինայի պետական կրկեսի վաստակավոր արտիստ Անդրեյ Չուգայի կինը, տեսնելով Թինայի փայլուն համարները, որոշում է նրա հետ համագործակցել, ինչից հետո էլ ստեղծվում են նրա ամենավտանգավոր ու լավագույն համարները՝ օձերով, կոկորդիլոսներով, մողեսներով, սարդերով ու կարիճներով:
Հենց դրանք էլ դարձան մեր կրկեսի այցեքարտը:
Երևանի կրկեսը չի գործում 2011 թվականից: Առանց կրկեսի` արտիստների համար շատ դժվար է: Թինա Քեյը հարցազրույցներում բազմիցս նշել էր, որ առանց կրկեսի, որպես արտիստ իրեն ոչնչացած է զգում:
Որպես ապրուստ վաստակելու միջոց՝ Թինան ընտրել է կորպորատիվ միջոցառումները, որտեղ նա իրեն իր ափսեում չի զգում և կարծում է, որ դա իր բեմը չի:
«Խենթանում էի բեմի համար և շատ եմ կարոտում: Սարսափելի նվիրված եմ իմ հանդիսատեսին, ծափահարությունների ու այն ջերմ ընդունելության քաղցը շատ եմ զգում:
Շատ ցավոտ է առանց կրկեսի մնացած արտիստների թեման:
Բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, որոնցից մեկը ես եմ: Գումարի աղբյուր են դառնում ռեստորանային համալիրները: Շատ մեծ ցավով եմ դա ասում, բայց այլընտրանք չունենք ապրուստի միջոց վաստակելու համար: Բա հո սովամահ չե՞նք լինելու»,- անկեղծանում է Թինան:
Թինա Քեյը փորձեց իրեն նաև երգարվեստում և մեծ հաջողությունների հասավ: Նրա երգերը սիրվեցին, իսկ երկրպագուների բանակը մեծացավ: Քեյը շուտով երկրպագուներին կներկայացնի իր նոր տեսահոլովակը: Բացի տեսահոլովակից Թինան ունի նաև մի քանի երգ, որոնք մոտակա ժամանակներում կներկայացնի իր յութուբյան պաշտոնական էջում:
Գլխավոր նորությունն այն է, որ եկող տարի Հայաստանի ողջ տարածքով շրջագայող հետաքրքիր պարային շոու-ծրագիր է լինելու, որի մասին մանրամասները կիմանանք մի քանի ամսից:
Թինան կարծում է, որ հայկական երգարվեստում ոչ մի թերություն չկա:
«Այո, մեկի երաժշտությունը արևելյան մոտիվներով է, մյուսինն ինչ-որ ուրիշ առանձնահատկություն ունի, բայց արվեստը մնում է արվեստ, ու կարևորը ներկայացնել դա բարձր մակարդակով: Սկսնակներին խորհուրդ եմ տալիս չկոտրվել և կարչել ամեն մի մանրուքից, որոնցից էլ ստեղծվում է իրենց կարիերան»,- պատմում է Քեյը:
Թինա Քեյն ուներ պարարվեստի և կրկեսի իր սեփական ստուդիան, որն արդեն երկու տարի է, ինչ չի գործում, որովհետտ Թինան մշտական բնակություն է հաստատել Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանում լինում է միայն աշխատանքի բերմամբ:
Քեյի պնդմամբ՝ իր ստուդիայում կրթվել են պրոֆեսիոնալ երեխաներ, ովքեր դարձել են Եվրոպական օլիմպիական պարային մրցումների գավաթակիրներ և այսօր, փայլուն հիմք ունենալու շնորհիվ, շարունակում են այդ ուղին:
Գեղեցկուհին խոստովանում է, որ իր հաջողությունների ու լավ կարիերայի հետևում շատ նենգ ու նախանձող մարդիկ են կանգնած, որոնք սակայն ոչ թե խանգարել են, այլ մոտիվացրել են նրան հասնել բարձրունքի ու իրականացնել իր բոլոր երազանքները.
«Յուրաքանչյուր հաջողություն ունի իր սև կողմը: Առանց նախանձողների և չարախոսների մոտիվացիա չի լինի առաջընթացի համար:
Ինձ մոտ հենց այդպես է. երբ ինձ ասում են՝ դու ինչ–որ բան չես կարող, ես հստակ հասկանում եմ, որ կկարողանամ և անում եմ դա»:
Թինան ձեռք բերեց բազմաթիվ երկրպագուներ, ովքեր մինչ այսօր ուշադիր հետևում են նրա գործունեությանն ու սպասում նրանից նորությունների: Շատ երկրպագուներ դեռ սիրահարված են գեղեցկուհուն.
«Երբեմն լինում են շատ մեծ անհարմություններ ու չափի զգացողության կորուստ երկրպագուների կողմից: Իհարկե, ամուսինս խանդում է, բայց մենք արդեն ադապտացվել ենք, ու ամուսինս լիովին վստահում է ինձ և գիտի որ նման բաների կարևորույթուն չեմ տալիս»:
Թինա Քեյի դուստրը մորից ժառանգել է ճկունությունն ու տաղանդը: Փոքրիկ գեղեցկուհին շատ հետաքրքրասեր է և ընդունակ, բայց Թինան չի պարտադրում նրան հետևել իր օրինակին և ցանկանում է, որ իր երեխան ինքնուրույն ընտրի, թե ինչով է ցանկանում զբաղվել կյանքում:
«Չեմ ցանկանում երազանքներս կապել իմ երեխային: Ճիշտ է, երեխային մենք պահում, փայփայում, մեծացնում ենք, բայց ամեն մարդ ունի իր ընտրության իրավունքը: Ժամանակից առաջ չեմ ցանկանում ընկել, կլինի այնպես, ինչպես նրան վիճակված է»։
Թինան խոստովանում է, որ շատ դժվար է, չլինելով Հայաստանում, այդքան մեծ գործունեություն ծավալել, սակայն նա շարունակելու է քրտնաջան աշխատել ու շնորհակալ է երկրպագուներին իր աշխատանքը միշտ գնահատելու ու սիրելու համար:
Նյութը՝ Տաթևեր Լազարյանի