Ես երբեք կին չեմ եղել․ Էլիոթ Փեյջը լուսանկարվել է Esquire-ի համար և պատմել սեռը փոխելու մասին

Դերասան Էլիոթ Փեյջը, որը նախկինում հայտնի էր որպես Էլեն Փեյջ, հայտնվել է Esquire ամսագրի շապիկին և երկար հարցազրույց տվել, որտեղ խոսել է խուճապի նոպաների, սեռափոխման և դրա հետ կապված դժվարությունների մասին։ Ֆոտոշարքի համար դերասանը կեցվածք է ընդունել Ralph Lauren, Saint Lauren և Gucci բրենդի հագուստներով:

2014 թվականին Էլիոթը (այն ժամանակ դեռ Էլենը) խոսեց իր նույնասեռականության մասին, իսկ 2020 թվականի վերջին հայտարարեց, որ իրեն տրանսգենդեր է համարում։ Երբ ավելի ուշ Փեյջը որոշեց կրծքի վիրահատություն անել, նա անմիջապես հայտնվեց ուշադրության կենտրոնում: Էլիոթը նշել է, որ չէր սպասում նման զանգվածային արձագանքի։

«Երբ մարդիկ ասում են՝ «Օ, հիմա նա կցանկանա խաղալ ցիսգենդեր (երբ գենդերային ինքնությունը համապատասխանում է ծննդյան պահին հաստատված սեռին և իր գենդերի հետ կապված սոցիալական սպասելիքներին) տղամարդու կերպարներ», ես զգում եմ, որ ենթատեքստն այն է, թե դա անելն ինձ համար ձեռքբերում կլինի: Ես տրանս եմ, ես քուիր եմ և ուզում եմ խաղալ այս դերերը»,- ասել է դերասանը՝ հավելելով, որ դեմ չէ ցիս-տղամարդու կերպարներ էլ խաղալ։

Դերասանը խոստովանել է, որ մանուկ հասակում խնդիրներ է ունեցել ինքն իրեն չընդունելու, ինչպես նաև գենդերային ինքնության հարցում։ Տղաների շրջապատում իրեն շատ ավելի ազատ ու յուրային էր զգում։ Փեյջն ասել է, որ շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ, իսկ տղաների ու աղջիկների բաժանումը մեծ ցնցում էր իր համար։

«Ես ինձ չէի պատկերացնում որպես ծեր կին։ Ես ապագա չունեի։ Ես երբեք աղջիկ չեմ եղել։ Ես երբեք կին չեմ լինի»,- եզրափակել է Փեյջը։