Մասնագետը նշել է՝ սննդամթերքի որ տեսակներն են նպաստում քաշի նվազմանը

Ավելորդ քաշից ազատվելու և գեղեցիկ ու սլացիկ կազմված ձեռք բերելու մասին երազում են միլիոնավոր մարդիկ, սակայն խնդիրն այն է, որ սխալ մոտեցման դեպքում նիհարելու գործընթացը կարող է բավական երկարատև լինել կամ առհասարակ հաջողությամբ չպսակվել։ Այս խնդրի դեմ պայքարը սովորաբար մտազուգորդվում է խիստ սննդակարգերի ու հատուկ մարզումների հետ, սակայն նման մեթոդները ոչ միշտ են արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ որոշակի առողջական խնդիրների պատճառ են դառնում։ Այնուամենայնիվ մասնագետները վստահ են, որ իրականում ցանկալի արդյունքին հասնելու համար շատ մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա, քանի որ մի քանի պարզ փոփոխություն անելն անգամ կարող է շատ արդյունավետ լինել։

Ինչպես Lenta.ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան, նման փոփոխություններից մեկը կարող է լինել սննդակարգում որոշակի մթերքի ներառումը կամ բացառումը։ Օրինակ՝  թթու կաղամբը մեծ քանակությամբ սաթաթթվի շնորհիվ արագացնում է նյութափոխանակությունն ու հանդես է գալիս բնական էներգախթանիչի դերում, ինչի շնորհիվ նպաստում է քաշի նվազմանը, մինչդեռ քաղցր ու բարձր կալորիականություն ունեցող մրգերն ու բանջարեղենը հակառակ ազդեցությունն են ունենում։

Մասնագետի խոսքով՝ նիհարել ցանկացողները պետք է խուսափեն բանանից ու խաղողից, քանի որ դրանք հարուստ են շաքարով, և փոխարենը սննդակարգում ներառեն կաղամբ, հատկապես՝ թթու կաղամբ։

«Այն պարունակում է տարտրոնաթթու, որն արգելափակում է ածխաջրերի՝ ճարպի վերածվելու գործընթացը։ Բացի այդ, թթու կաղամբը պարունակում է մեծ քանակությամբ սաթաթթու, իսկ այն արագացնում է նյութափոխանակությունը», – նշել է մասնագետը։

Նա նաև խորհուրդ է տվել հապալաս, կապույտ հապալաս ու լոռամիրգ ուտել, քանի որ դրանցում պարունակվող պոլիֆենոլները բարելավում են արյան շրջանառությունն ու փոխանակության գործընթացները։