«Պատվից առավել» . բացառիկ կադրեր երկրորդ եթերաշրջանից ու հետաքրքիր մանրամասներ

«Պատվից առավել» . բացառիկ կադրեր երկրորդ եթերաշրջանից ու հետաքրիքր մանրամասներ:

Երեկ մեկնարկեց բազմաթիվ հեռուստադիտողների կողմից սիրված «Պատվից առավել» բազմասերիանոց հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանը: Հեռուստասերիալի պրոդյուսեր Ելենա Արշակյանը ShowBiz.am կայքի հետ զրույցում բացահայտել է հեռուստասերիալի հաջողության գրավականը՝ խոսելով նոր եթերաշրջանում սպասվող անակնկալներից, դերասանական կազմում եղած փոփոխություններից ու հնարավոր կոնֆլիկտային հարաբերություններից:
Ելենա Արշակյանը և ռեժիսոր Գուրգեն Սարգսյանը ամիսներ աաջ ներկայացրին «Պատվից առավել» բազմասերիանոց նախագիծը, որի դերասանական կազմում էին Արտաշես Ալեքսանյանը, Գևորգ Գրիգորյանը, Նաստասյա Գոլովկոն, Գոհար Իգիթյանը, Աշոտ Հակոբյանը, Հմայակ Հակոբյանը, Արթուր Պետրոսյանը, Մարիամ Դավթյանը և ուրիշներ:
Փորձելով բարձրաձայնել  արժանապատվության, ընկերության, հավատարմության արժեքների մասին՝ նախագիծը պատմում է մի հայ ընտանիքի պատմություն, որտեղ հավերժ պայքար է գնում պատվի և սիրո միջև:

 

Պրոդյուսեր Ելենա Արշակյանը պատմում է՝ ինչպես հեռուստասերիալը կարողացավ նման ժողովրդականություն վայելել և ինչի արդյունք է նախագծի երկրորդ եթերաշրջանը՝  բարձր վարկանիշի՞, ֆինանսական հաջողության, թե՞ պատմությունը դեռ ասելիք ունի։
«Երկրորդ եթերաշրջանը սկսելու համար մեզ հարկավոր էր հեռուստադիտողի կողմից այն ստիմուլը, ոը մենք ստացանք:
Բացի այդ մենք ունեինք պատմելու ուրիշ պատմություն. եթե  առաջին եթերաշրջանում լսում էինք տղամարդու կողմից պատմություն սիրո, արժանապատվության մասին, ապա այս անգամ կտեսնենք աղջկա պատկերացումները պատվի, ընտանիքի վերաբերյալ:
Հեռուստադիտողին գրավեց այն, որ մենք խոսեցինք պարզ ու մարդկային հարաբերություններից՝ պատմելով հայերի համար շատ կարևոր թեմաների՝ պատվի, սիրո, ընտանիքի մասին:
Ոչ մի արտասովոր բան չենք արել, աստղեր չենք իջեցրել երկնքից, պարզապես, պատմել ենք փոխադարձ հարգանքի վրա հիմն
ված սիրո պատմություն:
Իսկ սերը կհաղթի, թե՞ պատիվը կհասկանանք եթերաշրջանի վերջում:
Տարեվերջին երկրորդ եթերաշրջանով կավարտվի ներկայացվող սիրո պատմությունը»,-պատմում է Ելենա Արշակյանը:

 

Պրոդյուսերը պատմեց նաև հեռուստասերիալում դերասանական կազմի որոշ փոփոխությունների մասին: Նա նաև չմոռացավ խոսել, նախկինում սիրավեպ ունեցած, նախագծի երկու դերասանների մասին, որոնց հարաբերությունները շատերի կարծիքով լարված ու կոնֆլիկտային են:
«Դերասանական կազմում փոփոխություններ կան, բայց դրանք պայմանավորված են սցենարային կտրուկ անցումներով: Նկարահանումներին չի կարող խանգարել ինչ-որ մեկի անձնական հարաբերությունները: Եթե խոսքը Գևորգ Գրիգորյանի և Նաստյա Գալովկոյի մասին է, ապա կարող եմ ասել, որ նկարահանման հրապարակում նրանք հիանալի գործընկերներ են»,- հավատացնում է Ելենան:

Հեռուստանախագծին է միացել սիրված դերասանուհի Եվա Խաչատրյանը, ով մեծ ոգևորությամբ է մոտենում այս աշխատանքին և ուրախ է ստացած առաջարկի համար.
«Կերպարիս անունը Սոնա է բժշկուհի է, ով բավականին բարդ կյանք է ունեցել ու հայտնվել է մի տարօրինակ իրավիճակում, որից փորձում է ելքեր գտնել:
Նկարահանումները շատ լավ են ընթանում, ստեղծագործական թիմի հետ հեշտ ընկերացանք և հիասքանչ ստեղծագործական մթնոլորտ ունենք։
Մի խոսքով ամեն ինչ շատ հետաքրքիր է անցնում ուրախ և ամենակարևորը սպասված, դա դերասանի համար իրոք կարևոր է, երբ նկարահանումներին սպասում ես և մեծ հաճույքով ես գնում նկարահանման հրապարակ», -անկեղծանում է դերասանուհին:

Իսկ առաջին եթերաշրջանից արդեն հայտնի Մերի Մովսեսյանը խոստանում է, որ նոր եթերաշրջանն ավելի լարված ու հետաքրքիր է լինելու.
«Ես կլինեմ նոր եթերաշրջանում։ Շատ չեմ բացի չակերտները, բայց կերպարային փոփոխություններ լինելու են, դերս ավելի է բարդանալու։ Իսկ սցենարային հետաքրքիր լուծումներն ու լարված սերիաները հեռուստադիտողից անպակաս կլինեն։ Կարող եմ ասել, որ պատմությունը ավելի է խճճվելու»։

 Որպես մասնագետ՝ Ելենա Արշակյանը դրական է գնահատում տեղական արտադրության սերիալները:
«Ի տարբերություն իմ գործընկերների՝ ռեժիսորների ու պրոդյուսերների, ես պետք է նշեմ, որ շատ ուրախ եմ, որ ունենք տեղական հեռուստանովելներ ու ծրագրեր, որովհետև միայն մրցակցության դեպքում կարող է մաղվել և առաջ գալ լավագույնը:
Միակ գնահատական տվողը ժամանակն ու ժողովուրդն է: Հեռուստադիտողն ունի ընտրության իրավունք, և շատ լավ է, որ նա ընտրում է տեղական արտադրանքի միջև, այլ ոչ թե դիտում է բրազիլական ու մեքսիկական սերիալներ»,- խոստովանում է Արշակյանը:

 

Սերիալների հասցեին հաճախ հնչող դժգոհությունները հերոսների խոսակացական լեզվի մակարդակի մասին են։ Այն հարցին, թե ֆիլմում խոսքը պետք է համահու՞նչ լինի տվյալ ժամանակի կենցաղային լեզվին, թե՞ իր շփման լեզվի մակարդակով փորձի շատ շտկումներ բերել մեր առօրյա խոսակցականում, պատասխանում է Ելենան.
«Այս հարցում պետք է գտնել ոսկե միջինը: Դերասանները խոսում են սցենարիստի գրչի միջոցով, այսինքն շատ կարևոր է սցենարիստի աշխարհընկալումը: Կարևոր է նաև ռեժիսորի ստեղծած փոխհարաբերությունները կերպարների միջև նկարահանման հրապարակում:
Ծիծաղելի կլինի, եթե սերիալում երկու ընկեր խոսեն ճաճանչափայլ հայերենով, բայց միևնույն ժամանակ մենք բացառում ենք գռեհիկ ու վուլգար արտահայտությունները»:

Պրոդյուսերը փորձում է նաև գտնել այն հարցի պատասխանը, թե ունե՞նք այսօր ավելի մեծ ներուժ, որպեսզի հաջողվի ավելի բարձր որակի հեռուստասերիալներ նկարահանել, և արդյո՞ք այստեղ խնդիրը միայն ֆինանսական է։
«Ես կարող եմ հպարտանալ իմ նկարահանող խմբով, որովհետև բոլորն ունեն աշխատանքային փորձ, համապատասխան կրթություն և այն ամենը, ինչ հարկավոր է լավ սերիալ նկարահանելու համար:
Իսկ ֆինանսականն արդեն հարցի երկրորդ կողմն է: Մենք պետք է հասկանանք, թե ինչ աաջադրանք ենք դնում մեր առջև և ինչ ենք ուզում ասել մեր արտադրանքով: Կարծոմ եմ, որ ժամանակի խնդիր է:
Երբ մեր պետության բյուջեն մեծանա, մենք էլ կսկսենք մեզ թույլ տալ անել ավելի թանկարժեք ու շքեղ սերիալներ:
Հենց հիմա մտքիս եկան մի քանի խոշոր հեռուստաընկերություններ, ովքեր թելադրում են աշխարհին սերիալարտադրության որակը, սակայն ես շատ լավ հասկանում եմ, որ սրան հասնելու համար մեր երկիրը պետք է ֆինանսապես ոտքի կանգնի, որպեսզի մենք էլ հասնենք նրանց արտադրանքի որակին:
Ես անկեղծ եմ ինքս ինձ հետ և իմ արտադրանքը համեմատում եմ ոչ թե շքեղ կազմակերոպությունների հետ, այլ՝ իմ նախկին կամ տեղական արտադրանքի հետ»,- եզրափակեց իր խոսքը Ելենա Արշակյանը:

 Ձեզ ենք ներկայացնում «Պատվից առավել» բազմասերիանոց հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանից բացառիկ կադրեր

Նյութը՝ Տաթևեր Լազարյանի