Լյուբով Ուսպենսկայան Ադրբեջանում հայկական երգ է երգել

Լյուբով Ուսպենսկայան Ադրբեջանում հայերեն երգ է երգել, ինչը բարկացրել է ադրբեջանցիներին։ Ադրբեջանցի օգտատերերը տարբեր, բացասական բովանդակությամբ մեկնաբանություններ են գրում երգչուհու հասցեին և պահանջում, որ նրան արգելեն Ադրբեջան մուտք գործել։
Վերջերս երգչուհին Բաքվում «Жара» փառատոնի ընթացքում անցկացրել է իր ստեղծագործական երեկոն, իսկ այսօր համացանցում հոլովակ է հայտնվել, որը նոր սկանդալի առիթ է դարձել։
Համացանցում հայտնված տեսանյութում ռուս երգչուհի Լյուբով Ուսպենսկայան խոստովանել է, որ Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին Ադրբեջանում հայկական երգ է երգել, համացանցում բուռն արձագանք է առաջացրել ու ադրբեջանցի օգտատերերի կողմից քննադատության արժանացել։


« Երբ Ղարաբաղում ամենաթեժ պահն էր, ես Բաքու ժամանեցի հյուրախաղերի։ Գնացինք ռեստորան։ Հարբում էինք։ Նրանք ասում էին. «Լյուբա, երգիր»։ Ես բեմ եմ բարձրանում, նստած են Բաքվից երաժիշտներ, նրանց ինչ-որ տոնայնություն եմ հուշում։ Ես հարբած եմ, չեմ հասկանում, թե որտեղ եմ գտնվում ևսկսում եմ երգել. «Անդրանիկ, Սերոբ»։ Նրանք նվագում են ու աստիճանաբար հեռանում»,- տեսանյութում պատմում է Լյուբովը։ Դրանից հետո նա դաշնամուրի մոտ է նստել ու հայերենով Հայաստանի հանդեպ սիրո մասին երգ երգել, իսկ կադրից դուրս ձայնը կրկնում է. «Ջան, Լյուբա, ջան»։

Մեկնաբանություններում ադրբեջանցի օգտատերերը կոպիտ խոսքերով քննադատել են երգչուհուն, անգամ սեռական բնույթի հայհոյանքներ գրել։ Նրանք կոչ են արել Ուսպենսկայային Ադրբեջան չթողնել։