Դակոտա Ջոնսոնը նկարահանվել է նոր ֆոտոշարքում և հարցազրույց տվել՝ Դեփի և Հերդի դատավարության և Քրիս Մարտինի հետ հարաբերությունների մասին

Դերասանուհի Դակոտա Ջոնսոնը հարցազրույց է տվել Vanity Fair-ին իր մասնակցությամբ նոր՝ Ջեյն Օսթինի վեպի հիման վրա նկարահանված «Համոզում» ֆիլմի պրեմիերայի նախօրեին։ Դերասանուհին լրագրողի հետ զրուցել է Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի դատավարության, «‎Մոխրագույնի 50 երանգները»‎ ֆիլմի նկարահանումների, Քրիս Մարտինի հետ հարաբերությունների մասին։

Ջոնսոնը մեկնաբանել է վերջին ամիսների ամենաքննարկվող թեմաներից մեկը՝ Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի միջև զրպարտության դատավարությունը, որն ավարտվել է Դեփի հաղթանակով։ Միլիոնավոր մարդիկ նիստերի դահլիճից ուղիղ հեռարձակմամբ հետևում էին դատավարությանը։ Իրավիճակին առնչվող բազմաթիվ արխիվային տեսանյութեր նույնպես դիտումներ են հավաքել, այդ թվում՝ մի տեսանյութ, որտեղ Դակոտան արձագանքում է Ջոնի Դեփի վնասված մատին 2015 թվականի ասուլիսում։ Տեսանյութը վերնագրված է «Այն պահը, երբ Դակոտա Ջոնսոնը գիտեր, որ Էմբերը դաժան էր Ջոնի Դեփի նկատմամբ»։

«‎»Մտածեցի՝ ի սեր Աստծո, ինչո՞ւ, ինչո՞ւ եմ ես սրա մեջ խառնված։ Ես դա ընդհանրապես չեմ հիշում, բայց խնդրում եմ ինձ դուրս բերեք այս վիճակից։ Թույլ մի տվեք, որ այն շարունակվի: Պատկերացնու՞մ եք, Աստված իմ, եթե ինձ կանչեին վկայություն տալու։ Ես չեմ կարող հավատալ, որ մարդիկ դիտում են [դատավարությունը] շոուի պես: Սա դատարանի դրամա է, և իմ սիրտը կոտրվում է: Այնքան, այնքան, այնքան խենթ է: Մարդիկ տարօրինակ են: Համացանցը վայրի, վայրի վայր է»,- ասել է Դակոտան:

Դերասանուհին խոսել է նաև «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի նկարահանման հրապարակում առաջացած դժվարությունների մասին, որ իրեն հայտնի է դարձրել։ Ֆիլմը հիմնված էր Է. Լ. Ջեյմսի (իսկական անունը՝ Էրիկա Լեոնարդ) էրոտիկ վեպի վրա, և, դերասանուհու խոսքով, գրողը մեծ ազդեցություն է ունեցել նկարահանման գործընթացի վրա։

«‎Ես համաձայնեցի նկարահանվել գրքից շատ տարբեր ֆիլմի տարբերակում: Ես երիտասարդ էի։ Ես 23 տարեկան էի: Այսպիսով, դա սարսափելի էր: Շատ տարբեր տարաձայնություններ կային։ Ես երբեք չեմ կարողացել ճշմարիտ խոսել այս մասին, քանի որ մենք ցանկանում էիք պատշաճ կերպով գովազդել ֆիլմը: Ես հպարտ եմ նրանով, ինչ արեցինք ի վերջո, ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես պետք է ստացվեր, բայց դժվար էր։ Մենք արեցինք այն ֆիլմը, որը ցանկանում էր անել Էրիկան, իսկ հետո արեցինք այն ֆիլմը, որը ցանկանում էինք մենք անել: Ամեն բան քաոսի նման էր»,- հիշում է Դակոտան:

Միաժամանակ դերասանուհին նշել է, որ չի զղջում նկարահանումների համար, հերքել է իր զուգընկերոջ՝ դերասան Ջեյմի Դորնանի հետ թշնամության մասին լուրերը և վստահեցրել, որ նկարահանման հրապարակում իրեն լավ են վերաբերվել։

«‎Էրիկան ​​շատ լավ կին է, նա միշտ բարյացակամ է եղել իմ հանդեպ, և ես շնորհակալ եմ նրանից, որ նա ցանկանում էր, որ ես նկարահանվեմ այս ֆիլմում»,- նշել է Դակոտան։

Դերասանուհին հարցազրույցում հիշատակել է իր ընկերոջը՝ Քրիս Մարտինին, ում հետ հանդիպում է գրեթե հինգ տարի։ Նրա խոսքով՝ իրենք «իրոք երբեք չեն բաժանվել միմյանցից»։ Ջոնսոնը նրա հետ ճանապարհորդում է հյուրախաղերի (Մարտինը Coldplay խմբի մենակատարն է) ժամանակ, երբ ինքը չի նկարահանվում։