Վայնոնա Ռայդերը խոստովանել է, որ դժվարությամբ է բաժանվել Ջոնի Դեփից

Դերասանուհի Վայնոնա Ռայդերը պատմել է, որ Ջոնի Դեփի հետ բաժանումը վատ է ազդել իր հոգեկան առողջության վրա, հայտնում է Page Six-ը։ 

«Դա եղել է «Ընդհատված կյանք» (իր մասնակցությամբ ֆիլմերից մեկի անվանումը-Խմբ․), բայց իրական կյանքում», – ասել է Ռայդերը՝ նկատի ունենալով 1999 թվականին նկարահանված ֆիլմը հոգեբուժարանում գտնվող մի աղջկա մասին, որտեղ գլխավոր դերերում էին նա և Անջելինա Ջոլին:

«Հիշում եմ նաև, թե ինչպես էի մարմնավորում մի կերպարի, որին խոշտանգում էին Չիլիի բանտում («The House of the Spirits» ֆիլմը 1993 թ.): Ես նայեցի իմ դեմքի այդ կեղծ կապտուկներին և կտրվածքներին (նկարահանումից հետո)․․․ Հիշում եմ՝ ինքս ինձ նայելով ասացի. «Սա այն է, ինչ ես անում եմ իմ ներսում»: Ես ուղղակի չէի հոգում իմ մասին»,- վերհիշել է դերասանուհին։

Նա պատմել է, որ դերասանուհի Միշել Փֆայֆերը դժվար պահերին աջակցել է իրեն՝ ասելով, որ ամեն ինչ կանցնի, և կյանքը, ի վերջո, կվերադառնա իր բնականոն հունին։ «Բայց ես դա չտեսա», – հավելել է Ռայդերը:

Վայնոնա Ռայդերը և Ջոնի Դեփը սկսել են հանդիպել 1989 թվականին և հինգ ամիս անց նշանվել են։ Նրանց հարաբերություններն ավարտվել են չորս տարի անց։ Էմբեր Հերդի հետ Դեփի աղմկահարույց սկանդալի ժամանակ Ռայդերը հրապարակայնորեն պաշտպանել է իր նախկին սիրելիին: Նա ասել էր, որ Դեփը երբեք դաժան չի եղել իրենց հարաբերություններում։ 2001 թվականին Վայնոնա Ռայդերը նկարագրել էր Դեփի հետ իր հարաբերությունները որպես «խորը սեր, որը նա դժվար թե նորից վերապրի»։