Սննդամթերքի տեսակներ, որոնք կօգնեն 40-ն անց մարդկանց հեշտությամբ պայքարել ավելորդ կիլոգրամների դեմ

Ավելորդ քաշից ազատվելու գործընթացը չի կարող հաջող լինել առանց կենսակերպում որոշակի փոփոխություններ անելու։ Միայն բալանսավորված սննդակարգի միջոցով չի հաջողվի նիհարել։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Եվգենի Արզամասցևը։

Մասնագետի խոսքով՝ 40 տարեկանից հետո մարդու օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ փոփոխություններ, որոնք ազդում են նյութափոխանակության գործընթացների վրա, ինչի հետևանքով էլ ավելորդ քաշն ավելի արագ է կուտակվում, իսկ դրանից ազատվելն ավելի դժվար է դառնում։ Սննդակարգերի հետևելիս հարկավոր է հիշել, որ ճիշտ սննդակարգից բացի հարկավոր է փոխել նաև կենսակերպը։ Անհրաժեշտ է անպայման սպորտով զբաղվել ու հրաժարվել վնասակար սովորություններից, քանի որ միայն այդ դեպքում սննդակարգն անհրաժեշտ արդյունքը կապահովի։

«Առաջին հերթին հարկավոր է սննդակարգում անյուղ սպիտակուց՝ հավի, հնդկահավի կամ տավարի անյուղ միս ներառել։ Սննդամթերքի այդ տեսակներն օրգանիզմի կողմից չեն վերամշակվում ճարպի, ինչպես նաև պարունակում են վիտամիններ ու ամինաթթուներ, որոնք կարող են խթանել նյութափոխանակությունն ու նպաստել քաշի նվազմանը», – պատմել է մասնագետը։

Նիհարել ցանկացողներին նա նաև խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել սննդակարգում բավարար քանակությամբ մանրաթելերի առկայությանը։

«Ցանկացած կանաչեղեն՝ սպանախ, կաղամբ, նեխուր՝ ցանկացած կանաչ, թարմ, քիչ կալորիաներ պարունակող, վիտամիններով ու մանրաթելերով հարուստ մթերք։ Սննդամթերքի այդ տեսակներն օգնում են հագենալ ու նվազեցնում են քաղցի զգացումը։ Բացի այդ, հարկավոր է կանոնավոր ուտել նաև յոդ պարունակող սննդամթերքի տեսակներ, օրինակ՝ լամինարիա», – հավելել է Արզամասցևը։

Նա նաև խորհուրդ է տվել հրաժարվել սննդին շաքար ավելացնելու սովորությունից, քանի որ օրգանիզմն այն կստանա սննդամթերքից բնական ճանապարհով։ Բացի այդ, 40 տարեկանից հետո հարկավոր է սննդակարգում ներառել նաև դանդաղ յուրացվող բարդ ածխաջրեր, որոնք չեն նպաստի արյան մեջ գլյուկոզայի մակարդակի կտրուկ բարձրացմանը։