Ինչպես միավորվեցին «Ոսկո Գլուբուս» ստացած Մայքլ Գուրջյանը, «Թղթե տնից» հայտնի Հովիկ Կեուչկերյանը, Արման Նշանյանը և այլք՝ նկարահանելով «Ամերիկացի» ֆիլմը

Երևանում հուլիսի 10-17 անցկացվում է «Ոսկե Ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը:

Փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Փառատոնի բացումը մեկնարկել է Մայքլ Գուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով։  Այն հայ-ամերիկյան արտադրանք է, սակայն համամարդկային ասելիքով։ Ֆիլմի ստեղծագործական թիմը վստահեցնում է, որ այն հետաքրքիր կլինի ոչ միայն հայ հանդիսատեսին։ Այս մասին Tert.am Լife-ի հետ զրույցում ասել է ֆիլմի պրոդյուսեր Արման Նշանյանը։ «Ամերիկացի» ֆիլմը Նշանյանի արտադրանքն է։

Արման Նշանյանի խոսքով՝ ֆիլմն ավելի քան հայկական է, թեպետ աշխարհագրությունը ֆիլմի բավական մեծ է։

«Այն նկարահանել ենք Հայաստանում։ Նկարահանումները մեկնարկել էին  2020-ի փետրվարին, սակայն համավարակի թեժ օրերը սկսեցին, իսկ մեր ֆիլմի շատ դերասաններ, այդ թվում՝  Հովիկ Կեուչկերյանը, ով հայտնի է «Թղթե տունը» համաշխարհային ճանաչում ունեցող սերիալից, պարզապես չկարողացան ժամանել Հայաստան։ Ի դեպ, ֆիլմի աշխարհագրությունն այդքանով չի ավարտվում․ նկարահանվել են նաև Միխայիլ Տրուխինը, Նելլի Ուվարովան և այլք, խոսքը արտերկրից ժամանած դերասանների մասին է»,-ասել է Արման Նշանյանը։

Ի դեպ, Արման Նշանյանը հրաժարվել է նկարահանվել ֆիլմում, քանի որ ըստ իրեն՝ կերպարային չէր համապատասխանում խորհրդային տարիները ներկայացնող ֆիլմին։  Նշենք, որ ֆիլմի ռեժիսոր Մայքլ Գուրջյանը և սցենարի հեղինակն է, և գլխավոր դերակատարը։ Նա ծանոթացել է Արման Նշանյանի հետ ընդհանուր մտերիմի միջոցով, որից հետո էլ որոշում են կայացրել նկարահանել այս ֆիլմը։

«Մայքլ Գուրջյանը մեծ հաջողություններ է գրանցել արտերկրում։ Նա «Էմմի» և «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել, նկարահանվել է ամերիկյան ֆիլմերում։ Ֆիլմի շրջանակներում սկսեցինք աշխատել Պատրիկ Մալխասյանի և Վարդան Բարսումյանի հետ, նրանք ֆիլմի գործադիր պրոդյուսերներն են, ես և Սոլ Տրիոն պրոդյուսերներն ենք։ Հենց այս մարդկանց շնորհիվ կարողացանք այս ամենն իրականացնել։ Նշենք, որ ֆիլմում նկարահանվել են նաև  Նարինե Գրիգորյանը, Ժան -Պիեր Նշանյանը, Արամ Կարախանյանը, Դավիթ Հակոբյանը, Լեռնիկ Հարությունյանը և այլք։ Ցանկանում ընդգծել, որ ֆիլմի ստեղծման հարցում մեծ ներդրում ունեն Հայաստանի ազգային կինոկենտրոնը և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը»։

Պրոդյուսերի խոսքով՝ մեծ պատիվ էր աշխատել ինչպես արտերկրից ժամանած, այնպես էլ Հայաստանում բնակվող արտիստների հետ։ Հարցին արդյո՞ք Հովիկ Կեուչկերյանի հետ հեշտ էր աշխատելը, Նշանյանն ասաց, որ բոլորն էլ իրենց գործի գիտակն են, ապա հավելեց, որ Հովիկը շուտով այնպիսի նախագծերում է հանդես գալու, որոնք միայն մեծացնելու են նրա համաշխարհային փառքը։

Հավելենք, որ «Ամերիկացի»  ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից հրաշքով ողջ մնացած և Միացյալ Նահանգներ գաղթած հայ երիտասարդի՝ Չարլիի մասին, ում ընտանիքը, ցավոք, այդ ոճրագործության զոհ էր դարձել: Պատմությունը սկսվում է 1947թ., երբ Չարլին վերադառնում է Հայաստան և բախվում խորհրդային կոմունիզմ կոչվող դաժան իրականությանը: Հայաստանում Չարլիին անմիջապես ձերբակալում են և դատապարտում ազատազրկման: