Մահացել է կալանքի տակ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացել է դատարանի նիստերի դահլիճում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է «Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Ստեփանյանը նշեց, որ կանչով դատարան ժամանած շտապօգնության խումբը Գրիգորյանին արդեն մահացած է հայտնաբերել։

«Շտապօգնություն» ՓԲԸ–ի տնօրենի խոսքով` մահվան պատճառը կպարզվի դատական փորձաքննության արդյունքում, բայց ամենայն հավանականությամբ սրտի հետ կապված խնդիր է եղել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում նա դատական նիստի ժամանակ ընկավ։ Գրիգորյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացավ այն ժամանակ, երբ փաստաբան Ռուբեն Մելիքյանը դատարանին ներկայացնում էր պաշտպանական կողմի փաստարկները։

Գրիգորյանը աթոռին նստած էր, երբ հանկարծ թեքվեց ու ընկավ հատակին։

Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված կարգը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի մարզի և Արարատյան դաշտի բնակչությանը:

Արմեն Գրիգորյանը կալանավորված էր մայիսի 18-ից։

Այսօր Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր նրա նկատմամբ քրեական գործով առաջին դատական նիստը։