Հայտնվել են «Վիշապի տունը» սերիալի առաջին արձագանքները

Սոցցանցերում հայտնվել են «Վիշապի տունը» («House of the Dragon») սերիալի վերաբերյալ առաջին արձագանքները, այս մասին VNews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Collider-ը։

Ֆիլմը կուլտային «Գահերի խաղը» սերիալի պրիքվելն է, որում գործողությունները տեղի են ունենում բնօրինակում ցուցադրված իրադարձություններից 200 տարի առաջ։ Սյուժեի կիզակետում Թարգարիեն տան վերելքի և անկման պատմությունն է։ Շոուն հիմնված է Ջորջ Մարտինի «Կրակ և արյուն» /«Fire & Blood» գրքի վրա: Առաջին հատորը լույս է տեսել 2018 թվականին։

Դերերում՝ Մեթ Սմիթ, Ուիլ Ջոնսոն, Ջոն Մաքմիլան, Սավաննա Սթեյն, Թեո Նեյթ, Էմմա Դ՛Արսի, Փեդի Քոնսիդայն, Օլիվիա Քուկ, Ռիս Իֆանս, այլք։

«Ինձ դուր չեկավ «Գահերի խաղի» վերջին մասը։ Ամենևին: Բայց խոստովանում եմ, որ «Վիշապի տան» պրեմիերային դրվագը բավականին լավ է ստացվել: Ես անպայման կշարունակեմ դիտել սերիալը»,- սոցցանցի իր էջում նշել է Collider-ի հեղինակ Սթիվ Վայնտրաուբը:

«Առանց սփոյլերների, կարող եմ ասել, որ ինձ դուր եկավ, որ շոուում, նախկինի պես, զգացվում է էպիկական մասշտաբը, բայց միևնույն ժամանակ այն պատմում է մեկ ընտանիքի անձնական պատմությունը, ցույց է տալիս նրա դիսֆունկցիոնալությունը, նաև՝ որ այն սեր ունի իր մեջ»,- գրում է Քրիստինա Ռեդիշը՝ Collider-ի մեկ այլ հեղինակ:

«Ես չէի էլ կասկածում, թե որքան եմ կարոտել «Գահերի խաղի» երաժշտական թեման, մինչև չլսեցի այն «Վիշապի տան» պրեմիերային: Առաջին դրվագը ֆանտաստիկ էր: Չեմ համբերում տեսնել, թե ինչ կլինի հետո: Հուսով եմ, որ նոր շոուն չի կրկնի «Գահերի խաղ»-ի եզրափակիչի սխալները»,- ասել է կինոքննադատ Քեթ Քոմբսը։

«Վիշապի տան» առաջին դրվագը կցուցադրվի 2022 թվականի օգոստոսի 21-ին։