Snap երգի՝ համաշխարհային հիթ շքերթներում առաջատար հորիզոնականներ զբաղեցնելուց հետո «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինը ինստագրամյան իր էջում պատմել է, որ պայմանագիր է կնքել Columbia Records ընկերության հետ:
«Անգամ իմ ամենահամարձակ երազում չէի կարող պատկերացնել, որ մի օր կասեմ սա, բայց ես այսուհետ Columbia Records-ի հետ պայմանագիր կնքած արտիստ եմ։ Այս ստուդիան տուն է իմ կուռքերից շատերի համար։ Իմ կյանքն ավելի արագ փոխվեց, քան ես կպատկերացնեի։ Շնորհակալ եմ բոլորիդ, որ աջակցեցիք Հայաստանի սրտում գտնվող փոքրիկ քաղաքից եկած աղջկան, եւ որ սիրեցիք ու լսեցիք Snap-ը։ Այնքան ուրախ եմ, որ այս երգը միավորել է մեզ․ հիմա ես պատրաստ եմ մեր ուղեւորության հաջորդ փուլին։ Հիշեք՝ անգամ եթե ամեն ինչ ձեր դեմ է, եւ ձեր նպատակներն անհնարին են թվում, ու այն, ինչ անում եք ամենաճիշտ բանն է թվում, ուրեմն շարունակեք դա անել, քանի որ աշխատասիրությունն ու վճռականությունն, ի վերջո, պարգեւատրվում են»,- գրել է երգչուհին։
Հիշեցնենք, որ Columbia Records-ը պատկանում է Sony Records Entertainment ընկերությանը։ Այս լեյբլի ներքո ձայնագրվել են այնպիսի արտիստներ ու խմբեր, ինչպիսիք են Ադելը, Բեյոնսեն, AC/DC-ն, Aerosmith-ը, Դևիդ Բոուին, Մրայա Քերին, Pink Floyd-ը, Ֆրենկ Սինատրան, Բարբարա Սթրեյզանդը և այլք։