Պետք է մեր ժառանգությունը փոխանցեմ սերունդներին. Անտուան Ագուջյանը իր լուսանկարներով աշխարհին պատմում է հայերի մասին

Հայոց ցեղասպանության ականատեսների ժառանգ ֆրանսահայ լուսանկարիչ Անտուան Ագուջյանը տարիներ շարունակ տեսախցիկի միջոցով աշխարհին է ներկայացնում Հայաստանն ու հայերի ժառանգությունը: Լուսանկարիչն անդրադառնում է ոչ միայն Հայաստանին, այլև այն երկրներին, որոնք այս կամ այլ ժամանակահատվածում անմիջական կապ են ունեցել հայերի հետ:

Անտուան Ագուջյանի լուսանկարներում մարդու տառապանքն է, ցավը, սերն ու հավատն առ Աստված: Ինքը՝ հեղինակը, խոստովանում է, որ իր աշխատանքները դյուրամարս չեն, սակայն յուրաքանչյուր լուսանկարում կա լույս, քանի որ հայերն էությամբ ուրախ ժողովուրդ են:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Անտուան Ագուջյանը պատմել է լուսանկարչության կարևորության, 1988 թվականի երկրաշարժի, Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կատարած աշխատանքի, ինչպես նաև «Լռության ճիչը. հայ հիշողության հետքերը» խորագրով ցուցահանդեսի մասին, որն ընդգրկում է հեղինակի 30-ամյա որոնումները և հետագծում է հայկական հիշողությունը, որն Ագուջյանը ժառանգել է Հայոց ցեղասպանությունից փրկված ծնողներից:

Նա պատմում է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների երրորդ սերնդին է պատկանում: Անտուան Ագուջյանը ծնվել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքում, որը համեմատում է հայկական փոքր գյուղի հետ, քանի որ քաղաքում շատ են հայերը, ինչի արդյունքում Ագուջյանը մանկուց յուրացրել է հայկական ավանդույթները, երգն ու պարը: «Քաղաքում հայկական պարախմբեր կային, և ես հիշում եմ, որ հայրս ինձ պարի էր տանում: Երբ պարում ես, կարող ես պատկերացնել, որ ապրում ես Արևմտյան Հայաստանում: Մեծացել եմ հայկական մթնոլորտում ու ծանոթացել եմ հայկական ժառանգությանը: Մեծ հայրս զինվոր է եղել Հայոց ցեղասպանության ընթացքում և մեծ թվով հայերի է փրկել: Ինձ վրա ազդել է այդ ամենը»,-հիշում է լուսանկարիչն ու հավելում, որ իրենց ցնցել են թուրք դեսպանների դեմ հայերի մահափորձերը, որոնց դեմ են եղել, բայց գիտակցել են, որ այդ գործողությունների արդյունքում բարձրաձայնվում է Հայոց ցեղասպանության խնդիրը: Օտարները հարցրել են, թե ինչի՞ համար են պայքարում հայերը, և հայկական համայնքների ներկայացուցիչները սկսել են պատմել Հայոց ցեղասպանության մասին:

Անտուան Ագուջյանը մեծ ցնցում է ապրել նաև 1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին: «Այդ ժամանակ մենք դիտում էինք «Արմենպրես»-ի ֆոտոթղթակից Մխիթար Խաչատրյանի լուսանկարները դեպքի վայրից: Շատ էմոցիոնալ վիճակում էինք, երբ Շառլ Ազնավուրը եկավ Հայաստան՝ օգնություն ցույց տալու: Մենք ևս ուզում էինք ինչ-որ կերպ աջակցել: Ժամանեցի Հայաստան և մեկ տարի մնացի այստեղ: Հենց այդ շրջանում սկսեցի զբաղվել լուսանկարչությամբ, բայց՝ սիրողական: Լուսանկարում էի արտասահմանյան կազմակերպությունների համար: Երբ վերադարձա Ֆրանսիա, իմ աշխատանքների հիման վրա գիրք-ալբոմ հրատարակվեց: Այդպես սկսվեց իմ պատմությունը»,-ասում է լուսանկարիչը:

Հենց այդ շրջանում է Ագուջյանը որոշել լուսանկարչության միջոցով աշխարհին պատմել հայերի, հայերի ժառանգության մասին: 2000 թվականից սկսել է գնալ տարբեր երկրներ, որոնցում հնարավոր է եղել հայկական հետք գտնել: Եղել է Վրաստանում, Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Իրանում, Իսրայելում, Թուրքիայում: Լուսանկարել է պատերազմներ, հակամարտություններ և իր աշխատանքները վաճառել է միջազգային լրատվականներին: Ասում է՝ միշտ հետևել ու լսել է փոքրիկ ուրվականներին՝ Ցեղասպանությունը վերապրածներին, որոնք իր հետ են: Ագուջյանը լուսանկարչությունը համեմատում է լեռ բարձրանալու գործընթացի հետ. կա՛մ պետք է մինչև վերջ բարձրանալ, կա՛մ՝ իջնել: Ինքը որոշել է մինչև վերջ բարձրանալ ու ստեղծել իր յուրահատուկ աշխարհը: