Ես ոգևորված եմ, որ շուտով առաջին անգամ Հայաստան եմ այցելելու. Բրայան Մեյի գրառումը

Աշխարհահռչակ «Queen» խմբի կիթառահար, «Starmus» փառատոնի համահիմնադիր Բրայան Մեյն անհամբեր սպասում է իր առաջին այցին Հայաստան։ Բրայան Մեյն այս մասին հայտարարել է «Ինստագրամի» իր էջում։

Նա հրապարակել է Տավուշի մանկապատանեկան երգչախմբի` «Bohemian Rhapsody» երգի կատարումը և շատ դրական գնահատել։

«Անդիմադրելի են։ Սա Հայաստանի Տավուշի մանկապատանեկան երգչախումբն է։ Ես ոգևորված եմ, որ շուտով առաջին անգամ Հայաստան եմ այցելելու: «Սթարմուսը» կանչում է»,- գրել է նա։

Նշենք, որ վերջերս Տավուշի մանկապատանեկան երգչախմբի ֆանտաստիկ ելույթներն ուղղակի իրարանցում առաջացրին սոցցանցերում։ Ամենաշատը տարածվեց հենց «Queen»-ի երգացանկից «We Will Rock You» կատարումը։ Երգչախմբի խմբավարն այժմ Մարիա Գալստյանն է։

Հավելենք, որ այս տարի սեպտեմբերի 5-11-ը Հայաստանում կանցկացվի «STARMUS» փառատոնը։ Փառատոնը հիմնադրվել է 2009 թվականին։ «STARMUS»-ը Հայաստանում անցկացնելու նախաձեռնությամբ 2019 թվականին հանդես է եկել ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ, կազմակերպվում է «50 տարի Մարսի վրա» խորագրով։