Էմբեր Հերդը Դեփի հետ նոր դատավարությունից առաջ աշխատանքից ազատել է իր փաստաբանին

Հոլիվուդյան դերասանուհի Էմբեր Հերդը, որը պատրաստվում է բողոքարկել Ջոնի Դեփի՝ իր դեմ ներկայացրած հայցի վերաբերյալ դատավճիռը, փոփոխություններ է կատարել իր փաստաբանների թիմում, այս մասին VNews Culture-ի փոխանցմամբ՝ հայտնում է TMZ-ը։

Վերաքննիչ դատարանում Հերդի գործով կզբաղվի Ballard Spahr փաստաբանական ընկերությունը և նրա փաստաբաններ Դեյվիդ Լ. Աքսելրոդն ու Ջեյ Ուորդ Բրաունը, որոնք վերջերս օգնեցին The New York Times-ին շահել Ալյասկայի նախկին նահանգապետ Սառա Փեյլինի դեմ դատը:

Հերդը որոշել է հրաժարվել Էլեյն Բրեդեհոֆթի ծառայություններից՝ առանց հրապարակայնորեն բացատրելու պատճառները։ Նրա ներկայացուցիչների խոսքով՝ նոր գործը պահանջում է նոր մասնագետներ։

Բրեդեհոֆթն, իր հերթին, հայտնել է, որ պատրաստ է «էստաֆետը փոխանցել» և գործադրել է անհրաժեշտ ջանքերը, որպեսզի նոր թիմն ամբողջությամբ տեղյակ լինի գործից:

Ջոնի Դեփի և Էմբեր Հերդի միջև դատավարության ավարտից հետո դերասանուհուն պարտավորեցրել են նախկին ամուսնուն վճարել 8,3 միլիոն դոլար, որն իրագործելու համար դերասանուհին պետք է վաճառի Կալիֆորնիայում իր առանձնատունը: