Ռուսական թատրոնի 85-րդ թատերաշրջանը կբացի Չեխովի «Բալենու այգին» կատակերգությամբ

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի նոր՝ 85-րդ թատերաշրջանի բացումը կկայանա սեպտեմբերի 16-ին Ա. Պ. Չեխովի «Բալենու այգին» կատակերգությամբ (բեմադրությունը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի)։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից։

Ներկայացման առաջնախաղը կայացել է մայիսի 7-ին։ Սեպտեմբեր ամսվա խաղացանկում կլինեն Ա․ Ցագարելիի «Խանումա», Է․ Հովանեցի «Գարդենիա», Հովհ․ Թումանյանի «Քաջ Նազար», Ալ․ Պուշկինի «Օնեգին», Դ․ Նիգրոյի «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ», «Խաղը», Դ․ Կարոնի «Կեղծ նոտա», Կ․ Միտանիի «Ծիծաղի ակադեմիա», Մ․ Բարտլետի «ԿոնտրԱկտ» և այլ սիրված ներկայացումներ։

Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին թատրոնում վերանորագման աշխատանքներ կիրականացվեն։ Ստեղծագործական դադար չի լինի. կշարունակվեն նոր բեմադրությունների փորձերը։ Նորա Գրիգորյանը բեմադրում է «Վիյ» ներկայացումը՝ ըստ Ն․ Գոգոլի։ Երևանի մնջախաղի թատրոնի հետ համատեղ այս նախագծի առաջնախաղը կկայանա նոյեմբերի երկրորդ կեսին։ Ա. Օստրովսկու 200-ամյակի առթիվ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը բեմադրում է ռուս դրամատորգի «Բալզամինովի ամուսնությունը» պիեսը: ՀՀ վաստակավոր արտիստ, բեմադրիչ Իռա Հարությունյանը հանդիսատեսի ուշադրությանը կներկայացնի ժամանակակից ամերիկացի դրամատուրգ Ս․ Բոբրիկի «Ամուսնացնել Ժանետին» կատակերգությունը։ Բեմադրական աշխատանքներին զուգահեռ ներկայացումներ կցուցադրվեն Փոքր բեմում։ Ընդ որում, կկայանա երկու նոր առաջնախաղ. հանդիսատեսի դատին կհանձնվի Մ․ Խեյֆեցի «Նրան սպասելիս» պիեսը՝ Ելենա Վարդանյանի ռեժիսուրայով։ ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը կներկայացնի «Վերհիշիր անունը քո» մոնոներկայացումը՝ նվիրված Կոմիտաս վարդապետին։

Թատրոնի 85-ամյա հոբելյանի շրջանակում նախատեսված է Փոքր բեմում անցկացնել ՀՀ ժողովրդական արտիստ Ալ․ Գրիգորյանի թատերական ներկայացումների տեսագրությունների հետահայաց ցուցադրություն։ Մինչ տարեմուտ Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով կբեմադրվի և փոքրիկներին կմատուցվի «Արքայադուստր գորտը» ամանորի մանկական հեքիաթը։ Աշխատանքային փուլում է նաև երկու թատերական նախագիծ (բեմադրիչ՝ Կարեն Ներսիսյան)․ մեկը Սոփոկլեսի «Էդիպ արքան» է (համատեղ նախագիծ Մոսկվայում Հունաստանի մշակույթի կենտրոնի հետ), մյուսը՝ և Ա․ Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» (համատեղ նախագիծ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ)։ Վերջինիս ցուցադրությունը տեղի կունենա նախկին Երևանի բերդի տարածքում՝ գեներալ Ի.Պասկևիչի հրամանատարությամբ ռուսական զորքերի կողմից ամրոցի ազատագրման տարեդարձի տոնակատարության շրջանակում։

Նախատեսվում է բեմադրել «Առյուծը ձմռանը» ներկայացումը՝ ըստ ամերիկացի դրամատուրգ Ջեյմս Գոլդմանի պիեսի։ 2022թ․ հոկտեմբերին Կ․ Միտանիի «Ծիծաղի ակադեմիա» ներկայացումը կմասնակցի Ղազախստանում անցկացվող «ՏեART- Կոկշե» փառատոնին։ 2023թ․ Ռուսական թատրոնի «Գարդենիա» ներկայացումը (բեմադրիչ՝ Գոռ Մարգարյան) կմասնակցի Մոսկվայի Չեխովյան փառատոնին։ Հրավիրող կողմը Թատերական միությունների միջազգային կոնֆեդերացիան (ԹՄՄԿ) է՝ ԱՊՀ անդամ-երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Բանակցություններ են ընթանում նաև միջազգային այլ փառատոների հետ։ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 85-րդ թատերաշրջանի ընթացքում կվերազինվի թատրոնի թանգարանը։