Պենելոպե Կրուսը դարձել է իսպանական Vogue-ի սեպտեմբերյան համարի հերոսուհին։ Ամսագրի շապիկին նա հայտնվել է լատեքսային մինի շորտերով, Versace կորսետով և Chanel-ի թվիդի բաճկոնով:
Կադրերի հեղինակը նորաձևության լուսանկարիչ Նեդ Ռոջերսն է: Կերպարների վրա աշխատել է բրիտանացի հայտնի ոճաբան և նորաձևության խմբագիր Տաբիթա Սիմոնսը։
Հրատարակությանը տված հարցազրույցում դերասանուհին խոստովանել է, որ անհանգստանում են ձեռնարկատեր և նախկին մրցարշավորդ Էնցո Ֆերարիի մասին Մայքլ Մանի «Ֆերարի» ֆիլմի առաջիկա նկարահանումները, որտեղ նա կմարմնավորի նրա կնոջը՝ Լաուրային։
«Ամեն անգամ, երբ սկսում եմ նկարահանվել, ինձ մոտ վախ է առաջանում, որը նույնիսկ հետապնդում է ինձ իմ երազներում։ Երազում տեսնում եմ, որ նկարահանման հրապարակում ինչ-որ բան լավ չի ընթանում։ Իմ մասնագիտության մեջ երբեք այնպիսի զգացողություն չկա, որ դու արդեն հասել ես նրան, ինչին պետք է հասնեիր, որ սովորել ես այն ամենը, ինչ պետք է սովորեիր, և դա ինձ դուր է գալիս։ Դուք միշտ ուսանող եք, աշակերտ»,- ասել է դերասանուհին:
Պենելոպեն միաժամանակ նշել է, որ իր համար այս պահին առաջնայինը մոր դերն է.
«Ես այլևս այն տարիքում չեմ, երբ սկսել էի դերասանությամբ զբաղվել, ունեմ երկու երեխա։ Մայրությունն իմ կյանքի ամենաարմատական փոփոխությունն էր։ Այն փոխվում է այնպես, որ ոչ մի նախագիծ ընդունակ չէ փոխել»:
Հիշեցնենք, որ Պենելոպե Կրուսն ամուսնացած է դերասան Խավիեր Բարդեմի հետ 2010 թվականից։ Զույգն ունի երկու երեխա՝ Լեոնարդոն և Լունան։