Նորայր Եղյանը, Մերի Մովսիսյանը, Ելենա Բորիսենկոն, Անահիտ Ղուկասյանը և այլք նոր հեռուստասերիալում

Ելենա Արշակյան-Անահիտ Մխիթարյան ստեղծագործական զույգը շուտով լսարանին կներկայացնի նոր հեռուստասերիալ՝ «30 Արծաթ», որը սեպտեմբերի 5-ից կլինի ATV-ի եթերում։

Սցենարիստ Անահիտ Մխիթարյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմել է նախագծի մանրամասները։

Պատմությունը դավաճանության մասին է, բայց ոչ այն դավաճանության, որը մենք մտաբերում ենք առաջնայինը: Անահիտն ընդգծեց, որ հեռուստանովելում արծարծվող խնդիրներն ավելի խորքային են:

«Մենք միշտ ընտրում ենք սերիալների անուններ, որոնք կունենան ասոցիացիաններ, բայց նրանք երկարաշունչ են, իսկ այս անգամ՝ նախագծելով ընդհանուր պատկերը, երբ պատմության հիմքում դավաճանությունն էր մոտ մարդու կողմից, մենք միանգամայն մտաբերեցինք դավաճանության հետ առաջինն ասոցացվող կերպարին՝ Հուդային, որի մատնությունը 30 արծաթի դիմաց թույլ տվեց հրեա քահանայապետերին բռնել և խաչելության դատապարտել Հիսուս Քրիստոսին: Մեր պատմության հիմքում ևս սուտ մատնությունն է, դավաճանությունը մոտ մարդու կողմից: Հեռուստադիտողը հենց առաջին սերիաներից սկսած հասկանալու է՝ ինչի մասին է խոսքը»,- ասաց Անահիտը Մխիթարյանը:

Հեռուստադիտողներն այս նախագծում գլխավոր հերոսի կերպարում կտեսնեն դերասան Նորայր Եղյանին, իսկ գլխավոր հերոսուհու կերպարը մարմնավորելու է Մերի Մովսեսյանն, ով լսարանին հայտնի է «Պատվից առավել» նախագծից: Նրանց կողքին լսարանը կտեսնի նաև  Ելենա Բորիսենկոյին, Անահիտ Ղուկասյանին, Վիկտորիա Սահակյանին: 

«Մերին նախորդ ծրագրերի շրջանակներում մարմնավորել է մի շարք կերպարներ, բայց առաջին անգամ է ներկայանում գլխավոր հերոսուհու կերպարով: Մենք միշտ փորձում ենք քաստինգների ժամանակ հարթակ տրամադրել նոր դեմքերի, որոնք ունեն նոր ասելիք: Կերպարն ինքին կերպարանափոխվում է սյուժեի հետ մեկտեղ, երբ երիտասարդ աղջիկն իր մեջ ուժ է գտնում և այլևս փորձում է թույլ չտալ, որ որևէ մեկը կոտրի, նեղացնի նրան: Հեռուստադիտողը տեսնելու է այդ ամենը»,- նշեց Անահիտը Մխիթարյանը: