Մեգան Մարքլը հայտարարել է Instagram վերադառնալու մասին

Մեգան Մարքլը հայտարարել է, որ պատրաստվում է վերադառնալ Instagram սոցիալական ցանց: Այս մասին Սասեքսի դքսուհին խոսել է The Cut-ին տված հարցազրույցում։

Արքայազն Հարրիի կինը դառնալուց հետո Մարքլը ստիպված է եղել դադարեցնել սոցցանցում երեք միլիոն բաժանորդներով անձնական էջ պահելը։ Նրա խոսքով` ինքը սիրում էր իր կյանքը կիսել մարդկանց հետ, բայց իր համար ավելի կարևոր էր ամուսինը։ «Ես ստիպված էի վերակառուցել իմ կյանքը և հարմարվել անկախ կյանքից բոլորովին այլ կյանքի»,- ասել է Մարքլը:

Նա նաև դժգոհել է, որ լուսանկարների հրապարակումը պաշտոնական @KensingtonRoyal աքաունթում, որը վարում էին արքայազն Հարրին, արքայազն Ուիլյամը և նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, պահանջում էր թագավորական ընտանիքի մամուլի ծառայության հատուկ հավանությունը: Բացի այդ, ըստ Մարքլի, որոշ նկարներ հայտնվել են ԶԼՄ-ներում, մինչ դրանք հրապարակվել են @KensingtonRoyal-ում։

2019 թվականի ապրիլին արքայազն Հարրին և Մեգան Մարքլը ստեղծեցին Instagram-ի համատեղ էջ @sussexroyal, որն ավելի քան 10 միլիոն հետևորդ է հավաքել։ Սակայն 2021 թվականին ավելի քան 700 հազար օգտատեր դադարել է հետևել նրանց: Արքայազն Հարրիի կենսագիր Անժելա Լևինի խոսքով, Սասեքսի դուքսն ու դքսուհին հետևորդներ են կորցրել այն պատճառով, որ նրանց «ամպագոռգոռ» հայտարարությունները հակասում էին գործերին։

«Օնլայն միջավայրում ատելության» պատճառով արքայազն Հարրին և Մեգան Մարքլը նաև լքեցին Twitter-ը և Facebook-ը: Սասեքսի դքսուհին բազմիցս բողոքել է սոցիալական ցանցերում ստացած վիրավորական հաղորդագրություններից։
Սասեքսի դքսուհին դեռ չի հայտնել սոցցանց վերադառնալու ստույգ ամսաթիվը։