«Մաեստրոն միշտ կստեղծագործի»․ Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգաշարի հիշարժան մեկնարկն ու գեղեցիկ ընթացքը

Տիգրան Մանսուրյանը մեր երիտասարդ սերնդին շատ է սիրում․ նրանց, ովքեր գտել են իրենց զբաղվածությունը, գիտեն՝ ինչ են ուզում անել։
Սեպտեմբերի 1-ից 13-ը Հայաստանում անցկացվում է «Մաեստրո Մանսուրյան» համերգաշարը՝ նվիրված Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին։ Միջոցառումների կազմակերպման պարտավորությունն իր վրա է վերցրել Երևանի քաղաքապետարանը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Սեպտեմբերի 1-13-ը տոն է դարձել մանսուրյանական երաժշտության սիրահարների համար, Հայաստանի տարբեր բեմերում հնչում են մանսուրյանական կինոերաժշտությունը, դասական ու կամերային ստեղծագործությունները՝ անհատ կատարողների ու երաժշտական խմբերի մատուցմամբ։
Կինոերաժշտության համերգները նոր գործիքավորմամբ ու մոտեցմամբ ներկայացրեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։
«Մաեստրո Մանսուրյան» համերգաշարը կոմպոզիտորի բազմերանգ ստեղծագործական ժառանգության փառատոն է և մերօրյա լեգենդի յուրօրինակ մեծարում:

Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տրվել է ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված «Մաեստրո Մանսուրյան 80» հոբելյանական համերգաշարի մեկնարկը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդիսատեսին ներկայացրեց մաեստրոյի սիրված կինորաժշտությունը նոր մեկնաբանությամբ։ Միջոցառումները շարունակվելու են Երևանում, համերգներ կլինեն նաև Գյումրիում։

Երեկ՝ օգոստոսի 4-ին, տրվեց երևանյան համերգների մեկնարկը։ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տան բեմում հնչեց մաեստրոյի կամերային ստեղծագործությունների ընտրանին։ Այսօր և վաղը նույնպես կլինեն համերգային ծրագրեր՝ համապատասխանաբար Արամ Խաչատրյան համերգասրահում ու Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։

Համերգի սկսվելուն պես դահլիճն արդեն լեփ-լեցուն էր և քար լռությամբ ունկնդրում էր մաեստրոյի ստեղծագործությունները։ Համերգային ծրագրի ընթացքում ելույթ ունեցան հայտնի դաշնակահար Պավել Դոմբրովսկին, ալտահար Սերգեյ Պոլտավսկին և շատ ուրիշներ։

Մեզ հաջողվեց նաև զրուցել մաեստրո Տիգրան Մանսուրյանի հետ։ Կոմպոզիտորը սիրով լուսանկարվում էր ներկաների հետ և մեր հարցերին էլ մեծ հաճույքով պատասխանեց։ Կոմպոզիտորը նշեց, որ դեռ շարունակում է ստեղծագործել։ Ասաց, որ այս համերգային ծրագիրը իր զբաղվածության ընդամենը քառորդ մասն է և որ նոր ստեղծագործություն է գրում, որը շուտով Իտալիա է ուղարկելու, իրեն սպասում են։ Մեր զրույցին միացած մի կին էլ կողքից հավելեց, որ մաեստրոն միշտ է ստեղծագործելու։ Կոմպոզիտորը խոսեց նաև մեր սերնդի՝ ժամանակակից երիտասարդության մասին, ասաց, որ շատ է սիրում այն երիտասարդներին, ովքեր գտել են իրենց զբաղվածությունը, գիտեն՝ ինչ են ուզում կյանքից։ Սիրում է նաև պասիվ երիտասարդությանը և համոզված է, որ նրանք էլ շուտով իրենցը կգտնեն։
Եղբորը աջակցելու էր եկել նաև հայ օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը։

Համերգին ներկա էին բազմաթիվ հայտնի հյուրեր։

Տիգրան Մանսուրյանը հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում։ Նա գեղարվեստական նոր հիմքի վրա վերածնել է կոմիտասյան սկզբունքները։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում։

Հեղինակ՝ Լուս Ավագյան