«Երբ ծանոթանում էի սցենարին, արդեն ծիծաղում էի, ինչը փաստում է՝ այն հաջողված է լինելու». «Սևազգեստ կանայք» ֆիլմը շուտով կբարձրանա մեծ էկրաններ

Սեպտեմբերի 16-ին մեծ էկրաններ կբարձրանա ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Սևազգեստ կանայք» ֆիլմը։ Ֆիլմում նկարահանվել է նաև երգչուհի Իվետա Մուկուչյանը։ Վերջինիս խոսքով՝  դադար ուներ ֆիլմերում նկարահանվելու հարցում, սակայն կրկին իր ուժերը փորձելու մեծ ցանկություն կար։ Այս մասին երգչուհին հայտնել է Showbiz.am-ի հետ զրույցում։

-Իվետա, ֆիլմում իրադարձությունները կատարվում են հոգեհանգստի ժամանակ, որին բացի ընտանիքի անդամներից ու հարազատներից, ներկայանում են նաև հանգուցյալի սիրուհիները։  Երբ նկարահանվելու առաջարկը ստացաք, անմիջապես ցանկություն ունեցա՞ք նկարահանվելու:

-Կարծում եմ, որ նման թեմայով ֆիլմեր նկարահանելը Գոռ Կիրակոսյանի մոտ շատ լավ  է ստացվում։ Ի վերջո,  «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմը մինչ օրս հայկական լավագույն ֆիլմերից մեկն է։ Երբ ծանոթանում էի սցենարին, արդեն ծիծաղում էի, ինչը փաստում էր, որ ֆիլմը հաջողված է լինելու։ Երբ Գոռից ստացա առաջարկը, որքան էլ որ նա ինձ տեսնում էր ֆիլմում, միևնույն է, ունեցանք casting։ Հուզված էի, սակայն վստահելի ձեռքերում էի։

-Իսկ ո՞վ է Ձեր կերպարը։

-Սկզբնական շրջանում փորձում էի հասկանալ կերպարս, ծանոթանում էի նրա հետ։ Նա կարճ զգեստով  երիտասարդ կին է, ով հանգուցյալի սիրուհիներից մեկն է։ Սկզբում պետք է ընտելանայի նրա հետ, սակայն հետո սկսեցի սիրել։ Կարողացանք ընկերանալ։

– Ի՞նչ եք կարծում՝ այս ֆիլմը միայն լավ տրամադրություն հաղորդելու համար է, թե՞ այն նաև մտորելու առիթ կտա։

-Ֆիլմում շատ հետաքրքիր երկխոսություններ կան, որոնք ոչ միայն ծիծաղելու առիթ կտան, այլև՝ մտորելու։ Առհասարակ, մեծ հաճույք եմ ստացել Գոռ Կիրակոսյանի հետ աշխատելիս։ Ամեն բան արվում էր, որ մենք մեզ հարմարավետ զգանք նկարահանման տաղավարում։ Առհասարակ, Գոռը նոր շունչ է տալիս ֆիլմերին։

-Դադարից հետո բա՞րդ չէր կրկին հայտնվել նկարահանման տաղավարում արդեն որպես դերասանուհի։ -Բարդ էր, սակայն շատ կարևոր է, թե ովքեր են խաղընկներդ, սակայն  բախտս բերել է խաղըկերների հարցում։ Իսկապես շատ ուրախ եմ, որ Լուիզա Ներսիսյանն էր խաղընկերս, սակայն, առհասարակ, ունեինք ուժեղ և պրոֆեսիոնալ մարդկանցից բաղկացած թիմ։ Ամեն մեկն իր դերի համար շատ ճիշտ ընտրված էր, այդ պատճառով էլ ամեն բան շատ ներդաշնակ էր։Կարծում եմ՝ մենք մեծ հաջողություն ենք ունենալու։ Գոռն իսկապես բոլոր մանրուքներին մեծ ուշադրություն էր դարձնում։

Հավելենք, որ «Սևազգեստ կանայք» ֆիլմի գլխավոր դերերում  նկարահանվել են Իվետա Մուկուչյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն, Գրիգոր Դանիելյանը, Ռաֆայել Երանոսյանը, Ռոզի Ավետիսովան, Արտյոմ Մարկոսյանը, Ելենա Վարդանյանը, Ռոմելա Սարգսյանը, Արմեն Դարբինյանը, Աշոտ Տեր-Մաթևոսյանը և այլք։