Սպասված վերամիավորում. արքայազներ Ուիլյամն ու Հարին կանանց հետ վեջին 2 տարում առաջին անգամ միասին են ներկայացել հանրությանը (լուսանկարներ)

Արքայազներ Ուիլյամը և Հարին իրենց կանանց՝ Քեյթ Միդլթոնի ու Մեգան Մարքլի հետ, երկու տարուց ավելի ժամանակահատվածում առաջին անգամ միասին են ներկայացել հանրությանը։ Նրանք դուրս են եկել ողջունելու Վինձորի ամրոցի դիմաց հավաքված մարդկանց, գրում է Daily Mail-ը։

Վերամիավորման նախաձեռնողն էր արքայազն Ուիլյամը, և արքայազն Հարրին սիրով ընդունել է նրա առաջարկը: Ամբոխը բուռն ծափահարություններով է ողջունել թագուհու թոռներին ու նրանց կանանց։ Երկրպագուներից մեկը արքայազն Ուիլյամին նվիրել է Փադինգթոնի արջուկ, որին հանգուցյալ թագուհի Եղիսաբեթ Երկրորդը շատ էր սիրում։ Բրիտանացիները Քեյթ Միդլթոնին ու Մեգան Մարքլին ծաղիկներ են նվիրել:

Վերջին անգամ, երբ Ուիլյամը, Քեյթը, Հարին և Մեգանը միասին են դուրս են եկել 2020 թվականի մարտի 9-ն էր, նրանք մասնակցել են Համագործակցության օրվան նվիրված արարողությանը: Նույն թվականին Սասեքսի դուքսն ու դքսուհին հրաժարվել են թագավորական լիազորություններից և տեղափոխվել Միացյալ Նահանգներ, այդ ժամանակվանից մամուլում չեն հանդարտվում Ուիլյամի և Հարիի միջև լարված հարաբերությունների մասին լուրերը:

Շատերը հույս ունեին, որ Եղիսաբեթ 2-րդի մահից հետո եղբայրների հարաբերություններում ջերմացում կլինի, և գուցե այդ ակնկալիքներն անհիմն չեն։

Հիշեցնենք, որ թագուհին մահացել է սեպտեմբերի 8-ին։ Երբ բժիշկները հայտնել են, որ թագուհու առողջական վիճակը վատանում է, նրա երեխաներն ու թոռներն անմիջապես հավաքվել են Բալմորալ ամրոցում, որտեղ տարեց միապետն անցկացրել է իր կյանքի վերջին շաբաթները: Ինչպես վերջերս հայտնել է The Sun թերթը, արքայազն Հարիին խնդրել ենտատիկին հրաժեշտ տալու գալ առանց կնոջ՝ Մեգանի:

Մեծ Բրիտանիայի նոր թագավոր է հռչակվել Եղիսաբեթ Երկրորդի ավագ որդին՝ արքայազն Չարլզը։ Միապետը վերցրել է Չարլզ III անունը։ Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, նրա գահակալության պաշտոնական արարողությունն էր։